«Թող հանդիսատեսը չմտածի, թե երգիչ եմ». Անդրանիկ Հարությունյան
ЛАЙФԴերասան Անդրանիկ Հարությունյանը շուտով կներկայացնի «Բա չիմացաք» երգի հիման վրա նկարահանված իր նոր տեսահոլովակը: Tert.am Life-ի հետ զրույցում Անդրանիկը մանրամասներ է պատմել նոր աշխատանքից և լուսանկար տրամադրել:
Նրա խոսքով՝ երգը բամբասանքների մասին է: «Քաղաքական չէ, բայց բամբասանքները, իհարկե, նաև քաղաքական են լինում: Հումորային, հետաքրքիր երգ է առօրյայի մասին՝ սկսած հարևանների բամբասանքներից: Երգի խոսքերի հեղինակներն են Նարեկ Բավեյանն ու Արմեն Վարդանյանը, երաժշտությանը՝ Մարտին Միրզոյանը: Երգը երկար պատմություն ունի, Նարեկ Բավեյանինն է, որը նա երբևէ չի երգել: Նվիրեց ինձ, ես էլ որոշեցի փոխել ու ավելի ռիթմիկ դարձնել, տեքստի վրա աշխատեց Արմեն Վարդանյանը: Երգի ոճը հիմնովին փոխել ենք, նաև ռեփի հատված ավելացրել: Կարծում եմ՝ այն հանդիսատեսի կողմից կսիրվի»,- ասաց նա:
Տեսահոլովակի ռեժիսորը Ժոր Մելոյանն է, դրանում դոմինանտ կերպար է Ջոկերը: «Այլ կերպարներ ևս կան, ուղղակի Ջոկերի կերպարը ասոցացվում է բամբասանքների հետ, այդ պատճառով ենք նրան ընտրել: Այսպես ասած, նա տեսահոլովակում «չարաճճիություններ» է անում ու փոքրիկ վեճեր հրահրում: Սյուժետային հատուկ գիծ չկա, ավելի շատ սկետչային պատմություններ են: Տեսահոլովակում նկարահանվել են Լևոն Հարությունյանը, Արմեն Զաքարյանը, Զոհրաբ Հայրապետյանը: Պրեմիերան նախատեսում ենք հունիսի 13-ին: Թե՛ երգը, թե՛ տեսահոլովակը պետք չէ լուրջ ընդունել»,- նշեց նա:
Տեսահոլովակում Անդրանիկն առանձին է հանդես գալիս: Հարցին, թե ինչո՞ւ դրանում չկա դերասան Ռաֆայել Երանոսյանը, ում հետ նա, հիմնականում, զուգերգով է հանդես գալիս, դերասանը պատասխանեց. «Ռաֆայելն այս տեսահոլովակում չկա, բայց ոչ մի խնդիր չունենք, ուղղակի այս անգամ այսպես ենք արել: Ռաֆայելն էլ առանձին տեսահոլովակ ունեցավ, այնպես չէ, որ մրցակցություն կա մեր մեջ»:
Անդրանիկն ընդգծեց, որ երկար ժամանակ էր, ինչ դադարի մեջ էր: «Իմ վերջին տեսահոլովակը եղել է «Յարս Վայքումա»-ն, դադարի մեջ էի, ինչը պայմանավորված էր «Լա կասա դե պապա» յութուբյան սերիալի նկարահանումներով: Հիմա ունեմ 7 հումորային երգ, որոնք նախատեսում եմ թողարկել, բայց չգիտեմ՝ ո՞րը տեսահոլովակ կունենա, ո՞րը՝ ոչ: Կարելի է ասել, որ փոքրիկ հումորային ալբոմ եմ նախատեսում ունենալ, որից հետո կունենամ համերգ և սթենդ ափ»,- պատմեց Անդրանիկը:
Դերասանը նաև անկեղծացավ, որ երգերի ձայնագրման ընթացքում վոկալային առումով բարդություններ են լինում: «Պարապում եմ, սովորում: Թող հանդիսատեսը չմտածի, թե երգիչ եմ, ուզում եմ երգչի կարիերա ստեղծել: Ուղղակի դերասանը պետք է կարողանա նաև երգել»,- եզրափակեց նա: