Հայաստանում վարկավորման ծավալն ավելացել է, իսկ բանկերի շահույթը կրճատվել է
ЭКОНОМИКАՀայաստանի ֆինանսական համակարգի ակտիվները 2014 թվականին աճել են շուրջ 16 տոկոսով, իսկ վարկերի ծավալը` մոտ 21 տոկոսով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը` ներկայացնելով 2014 թվականի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»:
Նրա խոսքով` 2008 թվականից հետո ֆինանսական համակարգի ակտիվները գրանցել են երկնիշ աճ: «2008-ից հետո մենք ունեցանք ֆինանսական միջնորդության գրեթե եռապատկում: Մի քանի տարի շարունակ ոլորտում գրանցվել է շուրջ 30 տոկոս աճ: Ֆինանսական միջնորդության ցուցանիշի երկու բնութագրիչներն էլ` ֆինանսական համակարգի ակտիվներ/ ՀՆԱ և վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունները գրանցել են արագ աճ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Գրիգորյանը: Նա ընդգծեց, որ ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության շուրջ 75 տոկոս ցուցանիշը մեծ ձեռքբերում էր ֆինանսական համակարգ ի համար:
Անդրանիկ Գրիգորյանը նկատեց, որ նախորդ տարի ավանդների տոկոսադրույքները շարունակաբար աճել են, իսկ վարկերի տոկոսադրույքներին` փոքր-ինչ նվազել: «2014թ. ավելի արագ աճի տեմպ է ունեցել արտարժութային ավանդների տեսակարար կշիռը, քան վարկերինը: Դա բնականաբար տարբեր զարգացումներով է պայմանավորված: Եղել են նաև դեպքեր, երբ դրամային ավանդները փոխարկվել են արտարժութայինի: Արտարժութային ավանդների տեսակարար կշիռը կազմել է շուրջ 72 տոկոս, որը այդքան էլ չի աճել նախորդ տարիների համեմատ»,- ասաց նա:
ԿԲ ներկայացուցչի խոսքով` շահութաբերության տեսանկյունից վերջին ժամանակներս նկատվում է կայուն նվազում: «Շահութաբերության միջին ցուցանիշը 2014 թ. տվյալներով կազմում է մոտ 4.5 տոկոս: Դա հետևանք է թե՚ մրցակցության, և թե չաշխատող ակտիվների աճի»,- հավելեց նա: