Մենչն ընտանիքի հետ Հայաստանում է․ դերասանը՝ Երևան գալու, «Հարս չկա»–ն փակելու պատճառի և նոր նախագծի մասին
ЛАЙФԴերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն ընտանիքի հետ Հայաստանում է։ Այժմ Միացյալ Նահանգներում բնակվող պրոդյուսերը Հայաստան է եկել մոտ 2 տարվա ընդմիջումից հետո։ Այս մասին հարցազրույցն Արմենը վստահել է Tert.am Life–ին։
Մենչն ասաց, որ Երևանում է հունիսի 10–ից, եկել է ամբողջ ընտանիքի՝ կնոջ՝ Քրիստինայի և 3 երեխաների՝ Էլինայի, Մարիայի և Աշոտի հետ։
«Մոտ երկու տարի չէի եղել Հայաստանում, բայց չեմ զգում։ Երբ եկա Երևան, տավորություն էր՝ այսքան ժամանակ չեմ բացակայել երկրից, ուղղակի մի 3 օր հիվանդ տանը պառկած եմ եղել, դուրս չեմ եկել։ Կարոտել էի, բայց այս ընթացքում կապս երբեք չի կտրվել Հայաստանից․ թե՛ աշխատանքս, թե՛ առօրյաս կապված են եղել այստեղի հետ։ Բացի այդ, անընդհատ կար Հայաստան գալու պլանը, սակայն թռիչքները պարբերաբար հետաձգվում էին»,– ասաց դերասանը, որը դեռ նախորդ տարվա գարնանն էր ծրագրում գալ Հայաստան, սակայն համավարկով պայմանավորված թռիչքները պարբերաբար հետաձգվում էին։
Մենչը Հայաստանում ոչ միայն կվայելի ժամանակը, այլև կունենա աշխատանքային հանդիպումներ։ Նա հայտնեց, որ «Հարս չկա» սիրքոմը նոր եթերաշրջան չի ունենա։ Ինքը նախատեսում է սկսել նոր նախագիծ, սակայն խոսքը ոչ թե աշնանային, այլ գարնանային եթերաշրջանի մասին է։
«Ունենալու եմ հանդիպումներ, սակայն, եթե որևէ նախագիծ անեմ, կանեմ մարտից, 2-3 նախագծի միտք ունեմ, կքննարկենք, կհասկանանք»,– ասաց նա։
Չնայած «Հարս չկա» նախագծի երկրորդ եթերաշրջանում Մենչը հրաժարվեց պրոդյուսերի աշխատանքից՝ նա անմասն չէր ընդհանուր քննարկումներից և հիմնավորեց, թե ինչու որոշեցին նոր եթերաշրջան չանել։
«Նախ՝ երկրորդ եթերաշրջանում էլ մոտ 10 սերիա մասնակցել եմ աշխատանքներին, պարզապես պատերազմից հետո հասկացա, որ հոգեպես պատրաստ չեմ որևէ նախագիծ անելու։ Իսկ նոր եթերաշրջան ունենալ–չունենալու քննարկումներն ավարտեցինք բացասական եզրահանգմամբ, քանի որ չգտանք նախագծի տրամաբանական շարունակությունը։ Ավելի ճիշտ համարեցի նոր մի բան անել»,– եզրափակեց նա։