«Սահմանափակումներ ունեմ՝ չնայած տեսակով բավականին համարձակ եմ». Օլյա Հակոբյանը՝ նոր ֆոտոշարքի, Բիլլի Այլիշի ոճով լուսանկարների և քայլերը հնարավորինս մտածված անելու մասին
ЛАЙФԴերասանուհի Օլյա Հակոբյանը գարնանը նոր ֆոտոշարք է իրականացրել, որի կադրերը միայն հիմա է որոշել հրապարակել: Օլյան Tert.am Life-ին է տրամադրել ֆոտոշարքն ու պատմել, թե ինչու մինչև հիմա չի հրապարակել:
Ֆոտոշարքի հեղինակն Ալբերտ Հարությունյանն է: «Ֆոտոշարքն իրականացրել ենք գարնանը: Լուսանկարները պետք է հաջորդաբար տեղադրեի, բայց աշխատանքիս հետ կապված ավելի կարևոր լուսանկարներ եղան, որոնք տեղադրեցի: Հետո եղան ընտրություններ, այդպես ուշացրի, բայց շատ եմ սիրել այս շարքը: Այստեղ երեք լուքով եմ, որոնից մեկը երգչուհի Բիլլի Այլիշի ոճով է կամ նրա ոճի իմ պատկերացմամբ: Սիրում եմ նրա տեսակը, երգերը, բայց ամենակարևորը՝ իր վառ ու համարձակ կերպարը»,- պատմեց Օլյան:
Դերասանուհու խոսքով՝ ինքն էլ տեսակով այդպիսին է:
«Ինքս Հայաստանում շատ չեմ ընդլայնվի, սահմանափակումներ ունեմ՝ չնայած տեսակով բավականին համարձակ եմ: Ամեն ինչում նախընտրում եմ վառը՝ գույներ, կյանք, մտքեր, երաժշտություն, արև: Հայաստանում անգամ ամենասովորական բանը կարող է քննարկման թեմա դառնալ: Հիմա մարդիկ շատ են չարացել, երբեմն մեկնաբանություններ եմ կարդում տարբեր մարդկանց, ոչ միայն իմ մասին, հասկանում եմ՝ այս ամենը տխուր է: Պետք է հնարավորինս մտածված անես քայլերդ, ինչը, իհարկե, բարդ է: Մեկնաբանություններն ինձ վրա առանձնապես չեն ազդում, վաղուց եմ ոլորտում, իմունիտետ ունեմ, բաց մարդկանց վիրավորելը գեղեցիկ չէ»,- ասաց նա:
Ըստ Օլյայի՝ որքան էլ ձգտենք, Եվրոպա չենք դառնա: «Շատ հաճախ, մարդիկ նույնիսկ չեն ընկալում, որ դերասանուհին և իր կերտած կերպարը նույնը չեն: Չեն ընդունում, որ տվյալ դերասանուհին իրականում հոգեկան խնդիրներ չունի, վատը չէ կամ եթե հումորային նախագծերում է խաղում, չպետք է իրականում քայլի ու ծիծաղ առաջացնի»,- նշեց նա:
Դերասանուհին նաև ընդգծեց, որ այս շրջանում զբաղված է իր բիզնեսով, ինչը շատ ժամանակ է խլում: «Չնայած դադարներ չեմ սիրում՝ հիմա դադարի մեջ եմ, բայց չեմ կարծում, որ երկար կտևի: Անկախ նրանից զբաղված եմ, թե՞ ազատ, միշտ գրքեր եմ կարդում և շատ ֆիլմեր դիտում: Դա իմ լավագույն ժամանցն է: Սիրում եմ նաև ակտիվ ժամանց, պաշտում եմ ջուրը, սիրում եմ նաև քաղաքից դուրս հանգիստ»,- եզրափակեց նա: