10 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսությունների և ՄՓՄՁ–ների ֆինանսավորմանը
ЭКОНОМИКАԱկբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կնքել են 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր։ ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները Ակբա բանկը կուղղի Հայաստանում կանաչ տնտեսությունների և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։
«Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ունեն գործընկերության հարուստ պատմություն: Մեր հերթական համագործակցության շնորհիվ հնարավորություն կունենանք Հայաստանում խթանել և նպաստել «կանաչ» տնտեսությունների, ինչպես նաև միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացմանը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկն է և ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում: Բանկն ունի 62 մասնաճյուղ և շուրջ 1500 աշխատակից: Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի խոշոր գործատուներից մեկն է: