«Շոկի մեջ էի, սկզբում ջղայնացել էի»․ դերասանների ու անձնակազմի անակնկալը Ելենա Արշակյանի 37–ամյակին
ЛАЙФՌեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանն օրերս նշել է 37-ամյակը։ Ելենան ի սկզբանե որոշել էր այս տարի ոչինչ չկազմակերպել։ Տարեդարձին լինելու էր իր ամառանոցում, սակայն «Ծաղիկներ ձյան տակ» և «Օջախի երգը» հեռուստասերիալների անձնակազմերը անակնկալ են մատուցել Ելենային և բոլորով հայտնվել նրա տանը։
Ելենան օրվա մանրամասներն ու լուսանկարները վստահել է Tert.am Life–ին։
«Կեսգիշերին՝ ուղիղ 00-ին, տարեդարձս առաջինը նշել եմ արհեստավորների հետ, քանի որ իմ ամառանոցում հիմա վերանորոգում է, իրենք էլ մնացել էին մինչև ուշ ժամ աշխատելու։ Այնտեղ վաղուց մնացած շամպայն ունեինք, բացեցինք, շնորհավորեցին ինձ, այնուհետև եկան հարազատներս։ Շնորհավորեցին, նշեցինք և մտածեցի՝ այդքանով անակնկալները եզրափակվել են»,– պատմեց Ելենան՝ հավելելով, որ բուն ծննդյան օրն իրեն ուղղակի շոկի են ենթարկել։
«Հաջորդ օրն ամառանոցում էի, ինձ հետ էին 2 ընկերուհիներս, աղջիկս և քույրս։ Նախատեսում էի աշխատանքային քննարկումներով օր ունենալ, մի ընկերուհիս մեր նախագծերի նկարչուհին է, մյուսը՝ սցենարիստը։ Անահիտը համակարգչով էր եկել, որպեսզի աշխատենք։ Ես գիտեի, որ անձնակազմերի համար պլանավորված է նկարահանում, վստահ էի, որ նկարահանման են։ Մտածել էի հաջորդ օրը տորթով կգնամ նկարահանման հրապարակ, միասին կնշենք։ Իմ օգնականը՝ Արմինեն, զանգեց, ասաց, որ հասել է, դուռը բացեմ, քանի որ նա էլ էր լինելու աշխատանքային հանդիպմանը։ Դուռը բացեցի և իմ 2 նկարահանման խումբը, բառիս բուն իմաստով «ներխուժեց» ամառանոց»,– պատմեց Ելենան։
Ռեժիսորի խոսքով՝ նրանք իսկապես կարողացել են անակնկալի բերել իրեն։ Ուրախության և զայրույթի զգացողությունները միախառնվել են։ «Ես պատրաստություն չէի տեսել, ամառանոցումս վերանորոգում է և նույնիսկ կենցաղային պայմաններ չկային։ Մտածում էի՝ որտեղ եմ տեղավորելու այսքան մարդու, ինչ եմ հյուրասիրելու։ Պարզվեց՝ այդ մասին էլ են մտածել՝ իրենց հետո բերելով սնունդ, ամեն ինչ խորովածի համար, վարձույթով աթոռ, սեղան։ Ստացվեց, որ բոլորը պատրաստվել էին իմ ծննդին, բացի ինձնից, քանի որ նույնիսկ վարսահարդարի մոտ չէի գնացել»,– ծիծաղելով նկատեց Ելենան։
Նա նշեց, որ մեծ խնջույքների սիրահար չէ, միայն 35–ամյակն է խնջույքով նշել, այս տարի էլ նախատեսել էր ոչինչ չանել, բայց ակամա հայտնվեց իրադարձությունների կիզակետում։
«Ահավոր լարված էի, երբ հասկացա, որ բոլորը նստելու տեղ ունեն, սնունդ կա, նոր մի քիչ թեթևացա։ Երևի օրվա վերջում եմ սկսել վայելել։ Կստեմ, եթե ասեմ, որ սկզբում չէի ջղայնացել, սակայն շատ հավես անցավ։ Հյուրերի կազմում կային մարդիկ, որոնց հետ այս պահին չեմ աշխատում, օրինակ, Սարգիս Եղիազարյանը, սակայն եկել էին։ Հասկացա, որ պետք է ոչ թե ջղայնանամ, այլ շնորհակալ լինեմ Աստծուն, որ նման մարդկանցով եմ շրջապատված։ Երբ ինձ հարցնում են՝ ինչ նվիրենք քեզ, միշտ պատասխանում եմ՝ էմոցիաներ։ Դա եզակի բան է, որը հնարավոր չէ գնել։ Ես ստացա լիքը լավ էմոցիաներ, ինչի համար շնորհակալ եմ բոլորին»,– եզրափակեց Ելենան։