«Հրավիրում ենք ամենաբարի աստղերին»․ Գրիգի նոր հաղորդումն ու հայտնիների արձագանքը
ЛАЙФՇոումեն, սցենարիստ Գրիգ Գևորգյանն «Արմենիա TV»-ի եթերով սկսել է «Զանգիր ասեմ» հաղորդումը, որը 1 տարի առաջ անում էր Ինստագրամի իր էջում։ Նախագծի շրջանակում Գրիգը վերցնում է հյուրի հեռախոսը, մտնում «Կոնտակտների» բաժին, տեղում ընտրում որևէ մեկին, ում կզանգեն ու հարցեր կտան եթերում։
Tert.am Life–ի հետ զրույցում Գրիգն ասաց, որ այս նախագիծը որոշեցին բերել հեռուստաեթեր՝ հաշվի առնելով այն ժամանակվա դրական արձագանքները։
«Կարանտինի ժամանակ, երբ լայվերի «մոդան» էր, զանգերի ձևաչափն էլ շատ հայտնի էր, որոշեցի Ինստագրամում մեր հայտնիների հետ «լայվ» տարբերակով նման բան անել։ Մարդկանց արձագանքները շատ լավ էին, հենց լայվի ժամանակ 10.000 դիտում էր ունենում»,– ասաց նա ու հավելեց, որ հետևորդների արձագանքների արդյունքում էլ որոշեց վերսկսել նախագիծը։
Առաջին եթերաշրջանը բաղկացած է 12 հաղորդումից, իսկ երկրորդ եթերաշրջան կլինի՞, թե՞ ոչ, կախված է լսարանի արձագանքներից։ ««Արմենիա TV»-ն ամառային թեթև նախագիծ էր ուզում, որն իրենից շատ մեծ բարդություն չէր ներկայացնում։ Որոշեցինք անել մի բան, որը ես ժամանակին փորձել էի»,– ասաց դերասանը։
Գրիգի խոսքով՝ հյուրերը հեշտությամբ են համաձայնվում մասնակցել հաղորդմանը, չեն նեղանում իրենց կոնտակտներ մտնելու համար։
Նա կատակեց, որ շատ ավելի հետաքրքիր կլիներ կարդալ հայտնիների նամակները, բայց բավարարվում են միայն կոնտակտներով։ «Հյուրերի նամակները չեմ կարդում, ոչ էլ լուսանկարներն եմ նայում։ Մենք հրավիրում ենք ամենաբարի աստղերին, և հաղորդումը շատ հաճելի մթնոլորտում է անցնում։ Նկարահանումները շատ հարթ են գնում, ուստի մոնտաժելու կտորները միայն տեխնիկական են լինում»,– ասաց նա։
Հեղինակ՝ Գոհար Պետրոսյան