«Տարիքի հետ փոխվում են մարդկանց մաղթանքները․ հիմա բոլորն ինձ երջանկություն ու սեր են մաղթում»․ ինչպես է Լիդուշիկը Եգիպտոսում նշել տարեդարձը
ЛАЙФԵրգչուհի Լիդուշիկն իր 22–ամյակը նշել է Եգիպտոսում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ ընտանիքով հանգստի մեկնելու մտադրություն ունեին, շրջանը պարզապես համընկել է իր տարեդարձի հետ:
«Բնականաբար մտածում էինք գնալ տաք ու ծովափնյա մի վայր, որտեղ պանդեմիայի հետ կապված սահմանափակումներ չկան: Քանի որ ընտանիքիս անդամներն արդեն եղել էին Եգիպտոսում, որոշեցին, որ այնտեղ կարելի է լիարժեք հանգստանալ: Մեկնելու որոշումը կայացրել ենք թռիչքից մեկ շաբաթ առաջ, հասկացանք, որ բոլորիս համար համեմատաբար ազատ շրջան է: Հատուկ մտածված չէր ծննդյանս օրն այնտեղ լինել, պարզապես էլի այնպես ստացվեց, որ դրսում նշեցի օրս, ինչի համար շատ ուրախ եմ»,– պատմեց նա։
Լիդուշիկը միշտ ասել է, որ չի սիրում անակնկալներ, հատկապես, ծննդյան օրը, ամեն անգամ «փչացնում» է դրանք։
«Ծննդյանս օրը սիրում եմ անցկացնել շատ պարզ ու հասարակ, բայց հիշվող: Վերջին տարիներից ամենատպավորիչն ինձ համար 20–ամյակս էր՝ Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի տակ․ իմ մի քանի մտերիմ մարդկանց հետ փչեցինք փուչիկները, խոտերին նստեցինք բացեցինք գինին, ու ես Երևանի ժամանակով ուղիղ 00:00–ին փչեցի փոքրիկ տորթի վրայի մոմերը: Հետո բարձրացանք աշտարակի գագաթին ու վայելեցի գիշերային Փարիզի տեսարանը: Այս տարի էլ ծնողներս նման մի զբոսանք կազմակերպեցին: Որոշեցինք օրն անցկացնել նավի վրա: Նավով զբոսնեցինք Կարմիր ծովով, եղանք Սպիտակ կղզում: Երբ վերադարձանք, հյուրանոցի մեր սենյակում գեղեցիկ տորթ էր դրված անձնակազմի կողմից, իսկ երեկոյան՝ ամենօրյա միջոցառման ժամանակ, հատուկ շնորհավորեցին ինձ»,– պատմեց երգչուհին։
Լիդուշիկն ասաց, որ ինքը կարևորում է ոչ թե մաղթանքի բովանդակությունը կամ նվերի տեսակը, այլ դրանց ի սրտե լինելը․ «Ես այն երջանիկներից եմ, ում շնորհավորանքներն իրոք սրտանց ու անկեղծ են: Տարիքի հետ փոխվում են մարդկանց մաղթանքները, հիմա արդեն բացի աշխատանքային հաջողություններից, բոլորն ինձ երջանկություն ու սեր են մաղթում: Այդ մաղթանքներն այնքան անկեղծ են ու այնքան մեծ ուժ ունեն, որ վստահ եմ՝ դրանք բոլորն իրականություն կդառնան»։
Լիդուշիկն իր տեսահոլովակներով ամեն անգամ փորձում է հիշեցնել, որ ինքն արդեն մեծ է, բայց մարդիկ իրեն դեռ տեսնում են փոքրի կերպարում։ «Երևի թե, չեմ ազատվի դրանից, բայց այս տարի համեմատաբար քիչ են զարմացողները»,– նկատեց նա:
Երգչուհին շատ երազանքներ ունի, բայց ամենից շատ կարևորում է երկրի խաղաղությունը։ «Ուզում եմ, որ երկիրս խաղաղ ապրի, ընտանիքս ու ընկերներս միշտ կողքիս լինեն: Ուզում եմ, որ մարդիկ բարի լինեն, սիրեն իրար ու գնահատեն դիմացինին»,– ասաց նա։
Հեղինակ՝ Գոհար Պետրոսյան