«Աշխատում էի, որ կարողանամ վարձս վճարել». Սիլվի Բարկովան՝ 9 տարեկանից գումար վաստակելու, 15 տարեկանում մատուցողուհի և առաջին կուրսում գիշերային հերթափոխով աշխատելու մասին
ЛАЙФԱմուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած դերասանուհի Սիլվի Բարկովան աշխատել է 9 տարեկանից: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է առաջին աշխատանքի, 15 տարեկանում որպես մատուցողուհի և առաջին կուրսում վարձը վճարելու համար գիշերային հերթափոխով սուպերմարկետում աշխատելու մասին:
9 տարեկանում աշխատել, ըստ Սիլվիի, պատահական է որոշել: « Գնում էի էժան կոսմետիկա, հարևաններին թանկ գնով վաճառում: Այդ մասին տանը չգիտեին: Ես միշտ ինձնից տարիքով մեծ կանանց հետ եմ շփվել: Մայրիկիս ընկերուհիներն ինձ հետ կիսվում էին, խոսում, կանչում սուրճ խմելու: Տեսնում էի, որ միմյանց ինչ-որ բաներ են վաճառում: Մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, ես էլ կարող եմ աշխատել, գումար վաստակել: Ունեի 500 դրամ, գնեցի բավականին շատ կոսմետիկա ու վաճառեցի: Բախտս բերեց, որ կոսմետիկան, իսկապես, որակյալ էր, երբ վերջանում էր, հաճախորդներս նույնից ուզում էին»,- պատմեց նա:
Դերասանուհին նկատեց, որ միշտ ինքնուրույն է եղել, մինչ այսօր էլ այդպիսին է: «Կարող եմ խնդրի առջև կանգնել, բայց ինքս գտնել լուծումը, իմ ճանապարհը: Երբեք չեմ սպասել, որ ինձ ասեն, թե ինչն եմ լավ անում, ինչը՝ վատ, ինքս եմ այդ ամենը հասկացել: Շուտ եմ մեծացել, հասկացել կյանքն ու դրա դժվարությունները, իմ կյանքը երբեք հեշտ չի եղել»,- ասաց նա:
Սիլվիի խոսքով՝ հաջորդ աշխատանքն արել է 15 տարեկանում: «Հարևանուհիս որպես մատուցողուհի էր աշխատում: Խնդրեցի, որ միասին գնանք, ես էլ այդ տեղում որպես մատուցողուհի աշխատեմ: Գնացինք, բարդ ընդունեցին, որովհետև իմ տարիքից ավելի փոքր էի երևում: Աշխատեցի մի քանի օր, բայց հասկացա, որ դա այդքան էլ իմը չէ: Որպես մատուցողուհի ընդունվեցի մեկ այլ տեղ և աշխատեցի դպրոցական ամառային արձակուրդներին: Վաստակածս գումարի մի մասը կոմունալների համար վճարեցի, մյուս մասով տան համար ինչ-որ բաներ, ինձ համար դպրոցական հագուստ, կոշիկներ գնեցի,- ասաց նա և հավելեց, որ մայրն իր աշխատելու որոշումն ընդունում էր,- Մայրս հասկանում էր, որ երեխային ոչինչ պետք չէ մատուցել, աշխատելն էլ ճիշտ որոշում է: Այնպես չէ, որ ես կարիքից դրդված էի աշխատում, դա իմ անձնական կարիքն էր, ցանկությունը: Ուզում էի ինձ լիարժեք զգալ»:
Դերասանուհին նշեց, որ դրանից հետո ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, սկսել է աշխատել սուպերմարկետներից մեկում՝ որպես հսկիչ-վաճառողուհի:
«Աշխատում էի, որ կարողանամ վարձս վճարել: Բարդ էր, որովհետև շատ էի հոգնում: Աշխատում էի գիշերային հերթափոխով, առավոտյան աշխատանքից գնում համալսարան, հետո տուն, սովորում էի դասերս ու նորից գնում աշխատանքի: Չեմ հասկանում, թե ինչպես կարողացա անվճար ուսուցման անցնել, որովհետև դասերին հոգնած էի, դասախոսներին ամբողջությամբ չէի լսում: Աստծո կամոք էր, որ այդպես ստացվեց»,- ասաց Սիլվին:
Դերասանուհին պատմեց, որ հաղթահարել է այդ փուլն ու սկսել աշխատել իր մասնագիտությամբ: «Առաջին կուրսից աշխատում էի Երևանի խամաճիկների պետական թատրոնում: Հետո սկսեցի նկարահանվել տարբեր նախագծերում: Հիմա դադարի մեջ եմ, որովհետև հնդկերեն չգիտեմ: Երբ լեզուն սովորեմ, կսկսեմ նկարահանվել: Նկարահանվել եմ հոլիվուդյան ֆիլմում, փոքրիկ դեր ունեմ, բայց չգիտեմ՝ այն կմնա, թե ռեժիսորները կկտրեն: Այստեղ հաճախ է լինում, որ փոքրիկ դերերում նկարահանվում են, բայց հետո այդ հատվածները ֆիլմում չեն հայտնվում»,- եզրափակեց նա: