Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. ժամանել են պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարն ու տեղակալը (լուսանկարներ)
ФОТОՕգոստոսի 6-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում Opel Vectra մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա 23 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 50-60 տարեկան տղամարդ հետիոտնի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։
«Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։