Իրանը հարստացված ուրանի պաշարները կփոխանցի Ռուսաստանին
МЕЖДУНАРОДНОЕԻրանի իշխանություններն առաջիկա օրերին Ռուսաստանին կփոխանցեն հարստացված ուրանի պաշարների զգալի մասը` շտապելով իրագործել «միջնորդ 6-յակի» հետ ավելի վաղ ձեռք բերած միջուկային համաձայնագրի կետերն ու այդպիսով նպաստելով միջազգային պատժամիջոցների չեղարկման գործընթացի արագացմանը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ընթացիկ տարվա հուլիսի 14-ին ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում Թեհրանը նախևառաջ պետք է ձերբազատվի հարստացված ուրանի իր պաշարների զգալի մասից, որոնք կարող են օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար:
Ըստ Իրանի իշխանությունների, իրենք եկող մի քանի օրվա ընթացքում ռուսական նավերով Ռուսաստան են ուղարկելու 9 տոննա հարստացված ուրան: Աղբյուրը մանրամասնում է, որ ըստ համաձայնագրի, Իրանն իրավունք ունի մինչև 300 կգ հարստացված ուրան ունենալ:
Բացի այդ, իրանական կողմը պետք է Արաք միջուկային կայանից հեռացնի ծանր ջուր արտադրող ռեակտորը, որպեսզի միջուկային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ բաղադրիչ համարվող պլուտոնիումն այլևս չարտադրվի:



