Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալի մանրամասներն ու լուսանկարները
ЛАЙФԱրմենիա TV-ի եթերում այսօր մեկնարկում է սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալը, որը կոչվում է «Երդում»։ Tert.am Life-ը ներկայացնում է նախագծի մանրամասները։
Նախագծի պրոդյուսեր Դիանան Գրիգորյանի խոսքով՝ սա պատմություն է հայ մնալու մասին։ «Սյուժեն զարգանում է հայրենասիրության և էթնիկ պատկանելիության թելադրանքով։ Այն գաղափար կրող, երդում կրող հայի մասին է՝ ընկնել հանուն հայրենիքի, պայքարել հանուն հայ մնալու, կարևոր չէ, թե որտեղ է բնակվում հայը, հայն ամենուր հայ է»,– ասաց նա։
Նախագծի հիմքում Ստամբուլում ապրող հայ տղայի պատմությունն է։ Իրադարձությունները զարգանում են մեր օրերում։ Ֆիլմի հերոսուհին 44-օրյա պատերազմի ընթացքում կորցնում է եղբորը, իսկ ցավալի լուրն իմանում Ստամբուլում, որտեղ ամբողջացնում է իր գիտական աշխատանքը։
Տիրապետելով թուրքերենին՝ նա պատմական նյութեր է հավաքում իր նախնիների պատմության, տեղահանված պոլսահայության մասին փաստերը աշխարհին ներկայացնելու համար։ Ստամբուլում էլ աղջիկը հանդիպում է իր կյանքի սիրուն՝ հայ տղային, որը նրան փրկում է թուրք ազգայնականների ճիրաններից։ Հերոսուհուն մարմնավորում է Լուզիա Մելքոնյանը, հերոսին՝ Անդրանիկ Հակոբյանը։
Նկարահանումներ իրականացնելու նպատակով թիմը եղել է Ստամբոլում։ Հեռուստանովելում ներկայացվում է Ստամբուլի հայ բնակչության կյանքն ու այն իրականությունը, որում նրանք ապրում են։
«Մենք նկարահանումներ ենք իրականացրել այն վայրում, որտեղ թերևս ամենադժվարն է հայ մնալը։ Եղել ենք Սկյուտարում, այցելել Դուրյանի և Բալյանների գերեզմաններ։ Հեռուստաֆիլմը պատկերում է մեր վերքը, մեր ուժը, ապրելու և ապրեցնելու նպատակը, կորուստն ու դեպի նոր կյանքի ձգտումը, որը պետք է լինի, թերևս յուրաքանչյուր հայի երդումը»,– ասաց Դիանան։
Հեռուստասերիալում խաղում են Մխիթար Ավետիսյանը, Լուիզա Ղամբարյանը, Վահագն Գալստյանը, էմմա Մանուկյանը, Անիտա Ավետիսյանը, Հարություն Սարգսյանը, Անի Քոչարյանը, Գրետա Մեջլումյանը, Վլադիմիր Պողոսյանը, Արտաշես Մխիթարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Լիլիթ Բադանյանը, Գևորգ Մկրտչյանը և այլք։