Փլված ու քարուքանդ եղած դպրոցը հիմնանորոգվել է բարերարների կողմից (լուսանկարներ)
ФОТОԱջափնյակ վարչական շրջանում գտնվող Միսաք Մեծարենցի անվան հ․146 դպրոցը, որը վերջերս հիմնանորոգվեց բարերարների կողմից, իր դռներն է բացել աշակերտների առջև։
Դպրոցի տնօրեն Մարիետա Դավթյանը հիացմունքով է խոսում այն կազմակերպվածության և պատրաստակամության մասին, որ ցուցաբերվել է հիմնանորոգումը նախաձեռնող Արտյոմ Հարությունովի և իր ընկերների՝ Զապորոժիեի շրջանի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի, միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանի, Օդեսայից՝ Սարդարյան ընտանիքի, Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի, Լվովի համայնքի ղեկավար Ավետ Սարաջյանի, Ալեքսանդր Լեխովիցերի և այլոց կողմից։
Փլված ու քարուքանդ եղած դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է 44 օրում, շինարարներն աշխատել են երեք հերթափոխով. պատճառն այն էր, որ բարերարները ցանկանում էին` դպրոցի աշակերտներն անպայման սեպտեմբերի 1-ին այցելեն բարեկարգված դպրոց։
Դպրոցի տնօրենի զարգացման ծրագրում դեռևս տարիներ առաջ գրված էր, որ 7500 քառ․ տարածք ունեցող դպրոցի լրջագույն խնդիրներից է մեկ, այն էլ անմխիթար վիճակում գտնվող զուգարանի առկայությունը։ Իսկ այսօր բոլոր հարկերում կան զուգարաններ՝ առանձնացված ըստ սեռերի, տպավորիչ են նաև դասասենյակները, որոնք վերանորոգվել են ըստ թեմաների՝ աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա։ Մեծ ու ընդարձակ դասասենյակ է հատկացվել «Արմաթ» լաբորատորիային և թարմացվել է համակարգչային տեխնիկան։ Քարուքանդ եղած բակն ասֆալտապատվել է ու բարեկարգվել։ Բարերարները մեծ ուշադրություն են դարձրել սպորտային դահլիճին և վերանորոգումից հետո զինել անհրաժեշտ բոլոր պարագաներով, ամբողջությամբ վերանորոգված է հանդիսությունների սրահը։
Զապորոժիեի շրջանի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանը, որն այսօր այցելել էր դպրոց, մեզ հետ զրույցում ասաց․ «Այս դպրոցի վերանորոգումը լավագույն օրինակ է բարերարների համախմբածության համար, 44 օրում մենք ցույց տվեցինք, որ կարող են մի նպատակի շուրջ հավաքվել Սփյուռքի և Հայաստանում ապրող հայերը և կյանքի կոչել այն»։ Արտաշես Սարգսյանը հույս է հայտնում, որ այս նախաձեռնությունը կլինի վարակիչ այլոց համար և նոր դպրոցներ ու մանկապարտեզներ կվերանորոգվեն միահամուռ ուժերով` հանուն հայրենիքի զարգացման։
Հ․146 դպրոցը ևս 44-օրյա պատերազմում զոհված աշակերտներ ունի, և դպրոցի տնօրենը նախաձեռնել է Ազատ Գևորգյանի անվան դասարանի բացում։
Ի դեպ, այս համագործակցությունը սկիզբ է առել, երբ Մարիետա Դավթյանը ներկա է եղել Աջափնյակում բացված «Մեր թրերը դարձան խաչեր» խաչքարի բացմանը։