Տապակած ձուկ նարնջով
ЛАЙФԱռաջին հայացքից այս համադրությունը կարող է տարօրինակ թվալ, սակայն իրականում ստանում ենք շատ նուրբ, թարմացնող համ և գրավիչ տեսք ունեցող ուտեստ:
1 կգ ձուկ՝ երկայնքով բաժանած երկու մասի
2 նարնջի կեղևի քերուկ
կես բաժակ ալյուր՝ համեմված աղով, սև և միջին կծվության կարմիր պղպեղով
ձիթայուղ տապակելու համար
հազարի տերևներ
4 միջին չափի նարինջ, կեղևահանված և բարակ շերտերով կտրատած
մեկ փոքր սոխ՝ օղակաձև բարակ կտրատած
20 սև ձիթապտուղ
¼ բաժակ թարմ քամած կիտրոնի հյութ
1 փոքր պճեղ ճզմած սխտոր
Ձուկը հոսող ջրի տակ լվանալ, դնել թղթե անձեռոցիկի վրա, որ չորանա, հետո կտրատել փոքրիկ, 5×5 սմ-անոց կտորների: Թեթևակի աղ ցանել, երկու կողմից տրորել նարնջի կեղևի քերուկով: Այնուհետև թաթախել համեմված ալյուրի մեջ, տապակել լավ տաքացված ձիթայուղի մեջ՝ մինչև երկու կողմն էլ ոսկեգունի: Հանել, դնել թղթե հաստոտ անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի թղթի մեջ:
Մատուցելիք ափսեի մեջ դարսել հազարի տերևները, ձկան կտորները շարել վրան, կողքին՝ կտրատված նարինջները, ձևավորել ձիթապտղով և կտրատած սոխով: Կարելի է նաև նանայի տերևներ ավելացնել:
Խառնել կիտրոնի հյութը, սխտորը, մի քիչ ձիթայուղ, աղ և հավասարաչափ տարածել ձկան ու նարինջների վրա: Մատուցել միանգամից՝ տապակած կարտոֆիլի հետ:



