Հայաստանի պետական պարտքը նվազել է
ЭКОНОМИКАՀայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 2014թ. նվազել է նախորդ տարվա համեմատ:
Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014թ պետական բյուջեի կատարողական հաշվետվության ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Այդ նվազումը պայմանավորված է ինչպես հստակ գործառույթներով՝ մարումների և ստացումների տարբերությամբ, այնպես էլ փոխարժեքի գործոնով: Այս դեպքում փոխարժեքի գործոնը հակառակ ազդեցությունն է ունեցել, սակայն նույնիսկ այս պայմաններում 2014թ. մեր պարտքի ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է»,- նշեց Ջանջուղազյանը:
ՀՀ գլխավոր գանձապետը ևս մեկ անգամ կրկնեց, որ Հայաստանի արտաքին պարտքի չափն այս պահին ռիսկային չէ և գտնվում է կառավարելի սահմաններում: Նա վստահեցրեց, որ բոլոր միջազգային չափանիշների համաձայն՝ Հայաստանն այս պահին ունի արտաքին պարտքի բեռի նվազ ռիսկայնություն:
Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2014թ. դեկտեմբերի 31-ի դրութամբ կազմել է 4 միլիարդ 441.5 միլիոն ԱՄն դոլար, որից կառավարության մասնաբաժինը եղել է 4 միլիարդ 1.6 միլիոն ԱՄն դոլարը: Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքի մասը կազմել է 3 միլիարդ 345.3 միլիոն ԱՄՆ դոլար: