FT. Չինաստանում արդյունաբերական զբաղվածությունն ամենացածրն է 2000-ից ի վեր
МЕЖДУНАРОДНОЕ2015-ի III եռամսյակի ավարտին Չինաստանում արդյունաբերական զբաղվածությունն իջել է 2000-ից ի վեր ամենացածր մակարդակի, տեղեկացնում է Financial Times-ը:
Ամենից ավելի աշխատողների պակաս է արձանագրել ծանր արդյունաբերությունը. երկաթի արդյունաբերության մեջ` 12 տոկոս, պողպատի` 6 տոկոս, ածխի` 7 տոկոս: Այլ ոլորտներում անկումն ավելի փոքր է եղել, սակայն ընդհանուր պատկերն ուրախացնող չէ. արդյունաբերության 41 ոլորտից միայն 7-ում է աշխատողների թիվն ավելացել:
Չինաստանում անկում է ապրում նաեւ աշխատունակ բնակչության ընդհանուր թիվը, 2014-ին այն նվազել է 0,1 տոկոսով: Իսկ երկարաժամկետ կտրվածքում Համաշխարհային բանկը 10 տոկոսի կրճատում է սպասում, իհարկե` 2040 թվից ոչ շուտ:
Ավելին, արդյունաբերության մեջ զբաղվածության պակասը չի ծածկվում ծառայությունների ոլորտում ազատ աշխատատեղերով: Չինաստանում տնտեսական ակտիվության ինդեքսը (PMI) ոչ արդյունաբերական ոլորտներում 2014-ի կեսից ի վեր բացասական դինամիկա է դրսեւորում:
Նշենք, որ ավելի վաղ Պեկինը հայտարարել էր, որ այլեւս չի պահի այսպես կոչված «զոմբիներին»` գերհագեցած ոլորտներում վնասով աշխատող ձեռնարկությունները: Սակայն եթե նման ընկերությունները սկսեն փակվել, աշխատողների թիվն ավելի կկրճատվի:
Կարճաժամկետ հեռանկարում, համարում է թերթը, Պեկինը կնախընտրի վերակազմավորել նման ձեռնարկությունները եւ բարձրացնել դրանց արդյունավետությունը (այսինքն` հումքի վերամշակման խորությունը), ոչ թե փակել դրանք:



