Ереван, 14.Октябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սեռական բռնությունը ընտանեկան բռնության համատեքստում

ОБЩЕСТВО

ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՔԿ վարույթում քննվել է 331 քրեական գործ, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 180 նյութ:

2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 395 քրեական գործ, նախապատրաստվել է 211 նյութ:

2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 326 քրեական գործ, նախապատրաստվել 128 նյութ:

Ամբողջ 2019 թվականի ընթացքում Կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 635 քրեական գործ, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 422 նյութ:

Իսկ 2020 թվականի ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 730 քրեական գործ, նախապատրաստվել է 455 նյութ:

Այսպիսով, ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ՔԿ վարույթում քննված գործերի քանակական համեմատությամբ 2020 թվականին նկատվում է ընտանեկան բռնության դեպքերի աճ, այդ թվում՝ սեռական բռնության դեպքերի.  այսպես՝

2019-ին ՔԿ վարույթում եղած ընտանեկան բռնության վերաբերյալ 331 քրեական գործերից՝

1-ը հարուցված է եղել ՀՀ Քր. Օր.-ի 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները),

6-ը՝ ՀՀ Քր. Օր.-ի 141-րդ հոդվածով (սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ),

3-ը՝ ՀՀ Քր. Օր.-ի 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողությունները)

2020 թվականի հաշվետու ժամանակահատվածում 395 քրեական գործերից՝ 

2-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (բռնաբարությունը),

4-ը` 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները),

1-ը՝ 140-րդ հոդվածով (սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը),

8-ը` 141-րդ հոդվածով (սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ),

4-ը` 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողությունները):

 

2021 թվականի հաշվետու ժամանակահատվածում նշված 326 քրեական գործերից՝

3-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (բռնաբարությունը)

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով  (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները),

5-ը՝ 141-րդ հոդվածով (սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ),

 

1-ը՝ 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողությունները):

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի ազդեցությամբ պայմանավորված՝ 2020 թվականին ընտանեկան բռնության դեպքերի աճ է արձանագրել նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որի անդամներն են մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք ծառայություններ են մատուցում ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց անչափահասներին, ահազանգել է ընտանեկան բռնության առաջնային զանգերի 30% (մարտին) և 50% (ապրիլին) աճի մասին արտակարգ դրության շրջանում:

 

2019-2020 թվականներին կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության դեպքերին վերաբերող՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հասցեագրված գրավոր և բանավոր դիմում-բողոքների համեմատական վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ նշված ժամանակահատվածում ընտանեկան բռնության դեպքերի աճ է արձանագրվել: Այսպես, 2019 թվականին Պաշտպանի աշխատակազմ է ներկայացվել ընտանեկան բռնության վերաբերյալ 91 դիմում-բողոք, իսկ 2020 թվականին՝ 127 դիմում-բողոք։ Ընդհանուր առմամբ, դիմում-բողոքների քանակը համադրվող ժամանակահատվածում աճել է մոտ 39,6 տոկոսով։ Պաշտպանին հասցեագրված՝ ընտանեկան բռնությանն առնչվող դիմում-բողոքների համադրված, քանակական և որակական վերլուծությամբ՝ 2020 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսներին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ստացվել է ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ 105 դիմում-բողոք 97-ի դեպքում բռնարարը եղել է տղամարդ, 10-ի դեպքում՝ կին, իսկ 2 դեպքով բռնարարի սեռի մասին դիմումատուն տվյալ չի ներկայացրել (Ըստ բռնարարի սեռի բաշխվածության՝ վիճակագրական ընդհանուր տվյալների (109) անհամապատասխանությունը ստացված դիմում-բողոքների ընդհանուր թվի (105) հետ պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ դեպքերում մեկ դիմում-բողոքի շրջանակում արձանագրված ընտանեկան բռնության դեպքում ներգրավված են եղել մեկից ավելի բռնարար (օրինակ՝ որդու և հարսի կողմից): Ըստ տվյալների՝ ընտանեկան բռնության դեպքերի գերակշիռ մասը (64 տոկոսը) կատարվել է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ, արձանագրվել են նաև բռնության ենթարկված անձի և բռնարարի միջև այլ բնույթի հարաբերություններ, ինչպես՝ ծնողի կողմից զավակի նկատմամբ և հակառակը, հարսի կողմից սկեսուրի նկատմամբ և հակառակը, հարսի կողմից սկեսրայրի նկատմամբ և հակառակը, ամուսնու քրոջ կողմից հարսի նկատմամբ, ամուսնու որդիների կողմից կնոջ նկատմամբ, մորեղբոր կողմից զարմուհու նկատմամբ, եղբոր կողմից քրոջ նկատմամբ:

105 դիմում-բողոքներից 28-ի դեպքում ընտանեկան բռնության տեսակի վերաբերյալ ուղղակի մատնանշում չի արվել։ Մնացած 77 դիմում-բողոքներից 2-ի դեպքում արձանագրվել է սեռական բռնություն, 61-ի դեպքում՝ ֆիզիկական բռնություն, որից 23-ը զուգորդված է եղել հոգեբանական բռնությամբ։ Հոգեբանական բռնության դեպքերի թիվը կազմում է 36, որը ներառում է ֆիզիկական բռնության հետ զուգորդվածների թիվը (23): Արձանագրվել է տնտեսական բռնության 1 դեպք։

Ընտանեկան բռնության 105 դիմում-բողոքներից 14-ի դեպքում արձանագրվել է բռնության գործադրումը բռնարարի կողմից ալկոհոլի ազդեցության տակ, իսկ 2 դեպքում՝ թմրամիջոցների ազդեցության տակ։ Հարկ է արձանագրել, որ ըստ դիմումատուների հայտնած տվյալների՝ Պաշտպանի աշխատակազմ ստացված 105 դիմում-բողոքներից 60-ի դեպքում ընտանեկան բռնությունը եղել է շարունակական, 4-ի դեպքում՝ կրել է մեկանգամյա բնույթ, իսկ 41-ի դեպքում այդ մասին տվյալներ չեն արձանագրվել։

Ստացված դիմում-բողոքներից 7-ի դեպքում արձանագրվել է ընտանեկան բռնության գործադրում երեխաների ներկայությամբ, 98-ի դեպքում երեխայի ներկայության մասին տվյալներ չեն արձանագրվել, ինչը, սակայն, ինքնին չի բացառում, որ այդ դեպքերում ընտանեկան բռնության գործադրմանը երեխաներ են ներկա գտնվել։

Ընտանեկան բռնության վերաբերյալ ստացված 105 դիմում-բողոքներից 49-ի դեպքում ընտանեկան բռնության ենթարկված անձինք դիմել են ոստիկանություն, 50-ի դեպքում՝ նման դիմում չեն ներկայացրել, իսկ 6-ի դեպքում՝ այդ մասին տվյալներ չեն արձանագրվել։

Պաշտպանն իր տարեկան հաղորդման մեջ նկատել է, որ դեռևս շարունակական են ոլորտում առկա մի շարք համակարգային խնդիրներ՝ օրենսդրական, իրավակիրառման, կազմակերպական, իրազեկումների ու իրավագիտակցության բարձրացմանն ուղղված աշխատանքների առումով: Այսպես. 1) ընտանիքում բռնության դեպքերի դեմ պայքարի և կանխարգելման հարցում օրենսդրական թերի կարգավորումներ կամ կարգավորումների բացակայություն, 2) կարծրատիպեր, իրավագիտակցության ցածր մակարդակ և իրազեկման պակաս, անվստահություն պետական մարմինների նկատմամբ, ոչ բավարար մասնագիտական պատրաստվածություն, 3) պետության կողմից տրամադրվող համալիր ծառայությունների, ինչպես նաև պետական մարմինների միջև համագործակցության խնդիրներ, 4) ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ ճշգրիտ վիճակագրական տվյալների բացակայություն:

Ընտանիքում բռնության դեմ պայքարի կառուցակարգերի ոչ լիարժեքության մեկ այլ դրսևորում է պատասխանատվության ինստիտուտի անկատարությունը: Այսպես, ընտանիքում բռնության ոչ բոլոր տեսակների համար է նախատեսված պատասխանատվության մեխանիզմ ներպետական օրենսդրությամբ, ըստ այդմ, իրավասու մարմինները չեն կարողանում համապատասխան արձագանք տալ այդ դեպքերին: ՀՀ քրեական օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարքներ են համարվում ֆիզիկական բռնության որոշ տեսակները, ինչպես նաև սեռական բռնությունը: ՀՀ օրենսդրությունը որոշ առումով կարգավորում է նաև հոգեբանական բռնությունը: Այնուամենայնիվ, ՀՀ օրենսդրությամբ իբրև հակաիրավական արարք՝ ամրագրված չէ, օրինակ, հետամտումը («պարբերաբար մեկ այլ անձի հետապնդելը, մեկ այլ անձի հետ անցանկալի հաղորդակցության մեջ ներգրավվելը կամ անձին հետևելու մասին իմաց տալը». խոսքը տուժողին ֆիզիկապես հետևելու, նրա աշխատանքի վայր, սպորտային կամ կրթական հաստատություն այցելելու, ինչպես նաև տուժողին վիրտուալ աշխարհում հետևելու, (...) մեկ այլ անձի գույքը վնասելու, անձի անձնական իրերի վրա աննշան հետքեր թողնելու, անձի տվյալներով առցանց կեղծ անուններով հաշիվներ բացելու կամ սուտ տեղեկություններ տարածելու մասին է), հարկադիր ամուսնությունը, հղիության արհեստական ընդհատումը հարկադիր կատարելը և այլն: Մինչդեռ, միջազգային փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ բռնության դեմ պայքարի միջոցներից է այդ արարքը կատարած անձանց համար պատասխանատվության միջոցների նախատեսումը: Միջազգային փաստաթղթերի և մի շարք երկրների օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտանիքում բռնության դեմ պայքարի արդյունավետ միջոց է դրա քրեականացումը: Ընդ որում, դա կարող է դրսևորվել կամ մեկ հանցակազմի նախատեսմամբ կամ ընդհանուր հանցակազմերով գործը քննելիս որպես պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ տուժողի և բռնություն գործադրած անձի միջև ընտանեկան կապը նախատեսելը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հանրային կապերի պատասխանատու  Զարուհի Հովհաննիսյանն էլ, անդրադառնալով ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությանը, մասնավորապես՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքին, նշում է, որ օրենքի ընդունումից հետո ոստիկանությունը գործիքներ ստացավ ընտանեկան բռնության դեպքերի համար՝ նախազգուշացում, անհետաձգելի որոշում և պաշտպանական որոշում՝ երեք հնարավոր միջամտություններ, որոնց կիրառելիության հետ կապված խնդիրներ կան իրավակիրառ պրակտիկայում:

«Հատկապես այն կազմակերպությունները, որոնք անմիջականորեն առնչվում են ընտանեկան բռնության զոհերի հետ, արձանագրել են, որ նախազգուշացումն արդյունավետորեն չի գործում, և ի հայտ է գալիս բռնության առավել մեծ ռիսկ: Մյուս խնդիրը, որ արձանագրել էինք դեռևս օրենսդրության ընդունման ժամանակ, օրենքի վերջին մասի՝ ընտանիքում համերաշխության մթնոլորտի վերականգնմանն է վերաբերում: Համերաշխության հասկացությունը անմիջականորեն կիրառվում է որպես հաշտեցման մեխանիզմ, որն ընտանեկան բռնության պարագայում նույնպես անարդյունավետ չէ և չի բխում ընտանեկան բռնության ենթարկված անձի շահերից, որը որևէ կերպ փաստացի պաշտպանություն չի ստանում: Մյուս խնդիրը ընտանեկան գործերի քննության ընթացքն է, որը շատ հաճախ շարունակում է որակվել որպես կենցաղային հողի վրա կատարված վեճ, վեճի արդյունքում կատարված հանցագործություն: Դա նշանակում է, որ այդ պահին մեկ դեպք է քննվում, և այն երկարատևությունը, որը կարող է արտացոլել ընտանեկան բռնություն երևույթը, որ երկար ժամանակ տուժողը գտնվել է տարբեր տիպի բռնությունների մեջ, և ի վերջո կատարվել է ֆիզիկական բռնության դաժան ակտ, այդ ամբողջ ընթացքը որևէ կերպ քրեական օրենսդրության մեջ չի արտացոլվում որպես ծանրացնող հանգամանք: Եվ տեսնում ենք դատավարությունների արդյունքում, որ կոնկրետ հանցագործները թեթև պատիժներով են դուրս գալիս, կամ պայմանականորեն չի կատարվում դատարանի կողմից այդ պատիժը: Որքան էլ պնդեցինք Քրեական օրենսգրքի փոփոխության ժամանակ, որ ընտանեկան բռնությունը, որպես քրեական հանցագործության երևույթ, որպես ծանրացուցիչ հանգամանք դիտարկվի, չընդունվեց այդ մոտեցումը»,-ասում է Զ. Հովհաննիսյանը:

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Գևորգյանն էլ է նույն խնդիրները մատնանշում. «Ընտանեկան բռնությունը քրեականացված չէ որպես հանցագործություն: Քրեական օրենսգիրքը դիտարկում է որպես մեկանգամյա կատարվող կամ վերջին պահին տեղի ունեցած հանցագործություն, բայց ընտանեկան բռնությունը ուղղակի իրավիճակային բռնություն չէ. փողոցով անցնում էի, մեկի հետ վիճեցի, խփեց: Ինչ վերաբերում է ընտանիքում համերաշխության վերականգնման խնդրին, միջազգային պրակտիկայում բռնության պարագայում եթե անձը ուզում է, իր կամքով կարող է հաշտվել, բայց պետությունը չի միջամտում: Հաշտությունն էլ կոնֆլիկտի դեպքում է կայացվում, իսկ բռնության դեպքում, որտեղ կան բռնարար ու զոհ, իշխող ու ենթարկվող, հավասարություն և քննարկում չի կարող լինել, չես կարող տանել նստեցենել հավասարը հավասարի հետ՝ քննարկման: Հետո նախազգուշացումը, ասում են եղել է մի անգամ ահազանգ, ու չկան հետքեր, լուրջ վնասվածքներ կնոջ վրա, նախազգուշացնում են բռնարարին, թողնում են կնոջն այդ վտանգավոր միջավայրում ու գնում, դրանից հետո հնարավոր է բռնարարը ավելի դաժան ծեծի կնոջը, ու դու դրա մասին տեղեկություն չունենաս: Այդպիսի մի նախազգուշացումով, որ տվել էին, սպանության դեպք տեղի ունեցավ Հայաստանում: Դրականն այն է, որ պաշտպանության տեսանկյունից ունենք գործիք, այդ ընթացքում կարողանում են կնոջ խնդիրները լուծել, երեխաների հետ նրա տեղափոխումը կազմակերպել: Բայց դեպք է եղել, երբ բռնարարին տնից հեռացրել են, դիմել է դատարան, և հակասահմանադրական է համարվել անձին իր սեփական տնից հեռացնելը. տվյալ դեպքով օրենքը դարձյալ չի գործել»:

Ֆիզիկական բռնությամբ զուգորդված սեռական բռնություն

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» տրամադրած տվյալներով՝ 2019-21 թթ. սեռական բռնության դեպքերի թիվը կազմել է 86, որից` 2019 թվականին`31 դեպք, որոնցից 6-ը ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից, 2020 թվականին՝ 32 դեպք, որոնցից 5-ը ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից, 2021 թվականի ութ ամիսների դրությամբ՝ 23 դեպք, որոնցից 8-ը ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից: 

 

Խոսելով ընտանիքում բռնության 4 տեսակների մասին՝ հոգեբանական, ֆիզիկական, սեռական և տնտեսական՝ «Կանանց իրավունքների կենտրոն», այժմ «Կանանց աջակցման կենտրոնի» հոգեբան Մարինե Եղիազարյանը նշում է, որ դրանք հիմնականում փոխկապակցված են դրսևորվում: Միակ տեսակը, որ կարող է առանձին դրսևորվել, հոգեբանական բռնությունն է, մնացած տեսակներում անհնար է, որ մյուսներից տարրեր չլինեն. եթե սեռական բռնություն է, ֆիզիկական և հոգեբանական բռնության դրսևորումներ կան, եթե ֆիզիական բռնություն է, միանշանակ նաև հոգեբանական բռնություն կա:

 

«Իմ թերապևտիկ հոգեբանական աշխատանքից եթե խոսեմ, ֆիզիկական բռնության զոհերի մեծ մասը ենթարկվում են սեռական բռնության: Բայց այդ մասին բարձրաձայնելը դժվար է: Դրա համար, երբ որ արդեն թերապևտիկ պրոցեսը կա, երբ որ փոխվստահության մթնոլորտը կա, այդ ժամանակ վերապրողներն սկսում են պատմել, որ իրենց կյանքում նաև այդ բռնության դրսևորումները կան: Առհասարակ ընտանեկան բռնության մասին խոսելիս մենթալիտետի հետ կապված՝ ասոցացիան գնում է դեպի ֆիզիակական բռնությունը, ու բռնության մյուս տեսակները կարծես երկրորդ, երրորդ պլան են մղվում, և եթե ընտանեկան բռնություն ապրողը տարիներ շարունակ ենթարկվում է հոգեբանական բռնության կամ սեռական բռնության, շատ հաճախ որպես այդպիսին՝ բռնություն, չի ընկալվում: Այստեղ ավելի շատ կարծես թե գնում ենք նորմալիզացիայի խնդրին, որովհետև եթե խոսենք հենց սեռական բռնության մասին, ինքս որպես տարիների փորձառություն ունեցող մասնագետ կարող եմ նշել, որ հիմնականում խնդիրը սկսվում է հենց սեռական հարաբերություններից: Բայց խնդիրը զույգերի համար շոշափելի չէ, լատենտային բնույթ է կրում, ու շատ հազվադեպ է, որ վերապրողները գիտակցում են կամ բարձրաձայնում են խնդրի շուրջ: Որովհետև եթե նույնիսկ մտերմիկ շրջանակներում փորձում են խոսել այդ մասին, տեղի է ունենում նորմալիզացիա. ասում են՝ իմ փորձն էլ է այդպիսին, դա նորմալ է, դա պարտականություն է, քո ամուսինն է, այս ձևով կարծես թե փորձում են նորմալիզացնել, և լատենտային ձևով տարիներ շարունակ ենթարկվում են սեռական բռնության: Շատ հազվադեպ է, որ երբ կինը զանգահարում է, միանգամից սեռական բնույթի հայցով լինի, , բայց երբ կա արդեն թերապևտիկ պրոցես, արդեն չորրորդ, հինգերորդ հանդիպման ժամանակ սկսում է պատմել, որ սեռական բռնություն իր անձի հետ կատարվել է»:

Այսինքն՝ ֆիզիական բռնության դեպքերով դիմումների արդյունքում է պարզվում, որ անձը նաև սեռական բռնության է ենթարկվել: Չնայած հոգեբանը որպես մասնակի դիտարկում է նշում, որ վերջին շրջանում հենց սեռական բռնության դիմումներ էլ են արձանագրվում: Իսկ երբ են անձինք դիմում նման խնդրով. «Վերապրողը զանգում է հենց սեռական բռնության զանգով այն ժամանակ, երբ օրինակ ամուսինը սիրուհուն բերում է տուն և վերապրողին ստիպում է որ միասին սեռական հարաբերություն ունենան: Ունեցել ենք դեպք, երբ ամուսինը ստիպել է կնոջը, որ իր ընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենա, իսկ ինքը նայելով՝ բավարարվածության զգացողություն է ունեցել: Այսինքն՝ ինչպես վերապրողներն են սիրում նշել, նաև իրենք հետաքրքիր տերմին են դուրս բերել, ասում են՝ ոչ ավանդական սեռական հարաբերություններ: Սեռական բնույթի ակտը, որ տեղի է ունենում իրենց պատկերացումների շրջանակներում, թեկուզ բռնության միջոցով, դիտարկում են նորմալ, որպես պարտականություն, հենց մի քիչ իրենց ընկալումներից շեղում է տեղի ունենում, նույն իրենց նշած ոչ ավանդական սեռական հարաբերությունները, արդեն ձևավորում է հայց սեռական բռնության առումով: Մի կողմից նորմալիզացվում է, մյուս կողմից ամոթի, խայտառակ լինելու, հասարակության աչքին չերևալու համար քչերն են կարողանում հոգեբանորեն հաղթահարել դա ու դիմել ոստիկանություն, մյուս կողմից չկա այդ գիտակցությունը, որ այդ ոլորտում էլ կարող է լինել բռնություն: Նաև ոստիկանության համակարգում ունենք խնդիր, որ նաև շատ դեպքեր ենք ունենում, որ բռնարարը հենց ոստիկան ամուսինն է, ու եթե կինը գնա դիմի խնդրով, առաջին ուղղորդողը հենց ոստիկանն է լինելու, որ դա քո ամուսինն է, դա քո պարտականությունն և այլն: Կարևոր է ոստիկանության համակարգում պրոֆեսիոնալիզմի ձևավորումը, որովհետև կարևոր աշխատանքային ոլորտ է, ու կարևոր է, որ պրոֆեսիոնալ մտածողությունն այնքան շատ լինի, որ կարողանանք աշխատանքային ու անձնական սահմանները դնել, չխախտել, չխառնել մեկը մյուսին, սուբյեկտիվ ուղղորդումներ չանել, առաջնորդվել օրենքի շրջանակներում»:

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» հոգեբան Սիրանուշ Դավթյանն էլ է հաստատում, որ Հայաստանում շատ հաճախ կանայք, ամոթից ելնելով, չեն խոսում սեռական բռնության մասին: Կենտրոն դիմողներն ավելի հակված են խոսել ֆիզիկական բռնության մասին, իսկ սեռական բռնության մասին խոսակցությունները դժվար խոսակցություններ են: Այդուհանդերձ, հոգեբանը փաստում է. «Ամբողջ աշխարհի վիճակագրությունն է ցույց տալիս, որ ամեն երրորդ կին, որ ընտանեկան բռնության է ենթարկվում, նաև սեռական բռնության զոհ է»: Եվ կիսվում է կանանց հետ աշխատանքի իր փորձից, ովքեր ընտանեկան բռնությունից զատ նաև սեռական բռնության են ենթարկվել զուգընկերոջ կողմից:

Իսկ ընտանիքում անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի բացահայտումը, նրա խոսքով, կատարվում է կամ անչափահասների հղիության դեպքերով, կամ կողմնակի մեկի կողմից: «Սովարաբար սեռական բռնությունը անչափահասի նկատմամբ ունի իր դրսևորումները, բռնություն կիրառող մարդը մանիպուլյացիայի է ենթարկում երեխային՝ եթե մեկին ասի, կծեծի նրան, չեն հավատա իրեն, հատկապես երբ ընտանիքի մտերիմ մեկն է կամ ընտանիքի անդամ: Քիչ դեպքերում է լինում, որ անչափահասը խոսում, բարձրաձայնում է իր հետ կատարված սեռական բռնության մասին ընտանիքի մյուս անդամներին, որովհետև վախեր է ունենում: Երեխան կարող է փորձել ասել իր կարիքից ելնելով, բայց շատ դժվար է խոսել դրա մասին, կարևոր է, որ դիմացի մարդն էլ իրավագիտակից լինի, որ հասկանա՝ երեխան ինչի մասին է խոսում: Կարող է բացահայտվել տարբեր իրադրային իրավիճակներով, և ցավոք սրտի շատ ուշ փուլերում, երբ կա օրինակ անչափահասի հղիություն, փորձում են բացահայտել՝ ինչպես է հղիացել, պարզվում է, որ ընտանիքի որևէ անդամի կողմից է եղել սեռական բռնությունը: Կամ բացահայտվում է դեպքը մեկ այլ անձի կողմից, կամ ընտանիքի որևէ այլ անդամ է արձանագրում, ունեցել ենք դեպք, երբ հարևանը մի պահ մտել է ու ականատես դարձել բռնությանը»:

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի ներկայացրած տվյալներով՝ Կենտրոնում միայն վերջին երկու տարում ընդհանուր 17 բռնության դեպք է եղել, որից 4-ը՝ սեռական բռնություն, 4-ը՝ ընտանիքի անդամի կամ կապակցված անձի կողմից: Տուժողները բոլոր աղջիկներ են: «Տարբեր բռնությունից տուժած երեխաներ են, մեծ մասամբ համակցված, այսինքն՝ կա և  ֆիզիկական բռնություն, և՛ հոգեբանական, և՛ անխնամություն, և՛ արհամարհանք, և չարաշահում, և շահագործում: Ունենք նաև թրաֆիքինգի դեպքով մի ընտանիքից երեխաներ, որոնց ծնողներին սեփական երեխաներին թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով քրեական գործ է հարուցված: Ունենում ենք ցավոք սրտի նաև ինցեստի դեպքեր, երբ որ հայրը կամ հայրացուն, մոր զուգընկերը՝ որպես կանոն, կամ ավագ եղբայրն այլ ամուսնությունից, երբեմն էլ նույն ծնողներից, ոտնձգություն է կատարում երեխայի հանդեպ: Անցյալ տարի 3 դեպք ենք ունեցել ինցեստի՝ ընտանքիի անդամների կողմից: Սեռական բռնություններով մեզ մոտ եկած դեռահասների տարիքները՝ 14, 15, 16 տարեկան, երեխա ունեինք՝ 9 տարեկանից էր սեռական բռնության ենթարկվել:

Սեռական բռնության առանձնահատկությունը հենց դա է, որ երեխաները ներքաշվում են իրենց տարիքին անհամապատասխան գործողությունների մեջ, որի ոչ էությունը, ոչ հետևանքները չեն գիտակցում: Եվ օգտվելով իրենց խոցելիությունից, գայթակղելով, պարգևատրումներ խոստանալով, հրապուրիչ ինչ-որ բաներ առաջարկելով՝ կամաց-կամաց բռնարարը մոտենում է երեխային և հետո իրեն վարժեցնում այդ տեսակ կյանքին: Իսկ ընտանիքներում սեռական բռնության երևույթները բացատրվում են արժեքային խեղաթյուրումներով: Մայրերի, զուգընկերների կողմից աղջիկ երեխաների հանդեպ ոտնձգությունները երկու տիպի են՝ մոր իմացությամբ և առաջարկով, օրինակ ծերացող կինը, որպեսզի զուգըներոջը պահի իր մոտ, ինքն է առաջարկում սեփական երեխային որպես վարժանք տղամարդու համար, և երկրորդ՝ օգտվելով կնոջ խոցելիությունից և որպես վճար իր նվիրվածության, որ շարունակի փող բերել, շարունակի նրա մոտ մնալ, պահանջ է տղամարդու կողմից: Մի դեպքում նախաձեռնությունը կնոջ կողմից է, մի այլ պարագայում տամարդու կողմից նախապայման է կնոջ համար: Կան նաև դեպքեր, երբ տեղի է ունենում գաղտնի, մայրը դրան չի տիրապետում, զուգըներն ուղղակի օգտվում է երեխայի խոցելությունից, ձևավորում են գաղտնիք՝ մամային չասենք, դա մեր գաղտնիքն է, դա սիրո արտահայտություն է, ես այդպես քեզ սիրում եմ…  Ամեն տարի մոտավորապես 3-4 դեպք ենք ունենում այդպիսի:

Ընտանիքները կազմալուծված, արժեքային համակարգը խեղաթյուրված, դերային խառնաշփոթ ունեցող, պրիմիտիվ կենսաձևով, առանձնապես կրթությունը չկարևորող, ցածր ցենզով, մարգինալացված ընտանիքներ են, եղել են դեպքեր սովորական ընտանիքներից, որտեղ գուցե կենցաղն այդքան պրիմիտիվ չէ, որտեղ գուցե այդ աստիճան ցենզի խնդիր չկա, բայց այդտեղ էլ հանդիպում ենք արժեքային խեղաթյուրման՝ նույն այդ մայրիկների մոտ, որ ուզում են զուգընկերներին պահել իրենց կողքին:

Կրթությունը զորեղ գործիք է, նման երևութների դեմ պայքարելու համար ճիշտ կլինի, որ ապագա ծնողների մեջ ներմուծենք երեխաների հանդեպ հարգանք, երեխայի ինտիմ տարածքի հանդեպ հարգանք, մանկապարտեզ գնացող երեխային սովորեցնենք պաշտապանության միջոցներ, որ քո մարմինը քո սեփականությունն է, և որևէ մեկն իրավունք չունի ձեռք տալ քո մարմնին, սովորեցնենք երեխաներին ասել «ոչ»: Նույն քննիչը, հոգեբանը, սոցիալական աշխատողը, ուսուցիչը գործիք պիտի ունենան իրենց ձեռքում երեխային պաշտպանելու: Նման թեմաները չի կարելի քաղաքականացնել, դրանք քաղաքական թեմաներ չեն, ոչ էլ ազգային, ոչ էլ տրադիացիաների, տրադիացիաների մե՞ջ է մեր երեխաներին այս վիճակի մեջ գցելը, հայկական ժողովրդական սովորությո՞ւն է, ինչ է մեր ազգային արժեքների մեջ կա՞ ինցեստը, ինչ է խրախուսո՞ւմ ենք, որ որևէ մեկը որևէ մեկի հանդեպ բռնություն գործադրի: Սա արատավոր երևույթ է, որ պետք է արմատախիլ անել»,-ասում է Միրա Անտոնյանը:

Հոդվածը պատրաստվել է Կանանց ռեսուրսային կենտրոնի և Սեռական բռնության   ճգնաժամային կենտրոնի կողմից համատեղ իրականացվող՝ «Բարելավելով Հայաստանում պետական մարմինների արձագանքը սեռական բռնության և սեռական ոտնձգությունների խնդրին» ծրագրի շրջանակում:

Ադրինե Թորոսյան

Поздравление лидера движения «Всеармянский фронт» с днем города Ереван Еревану от «Евразии»: молодежный флешмоб, посвященный 2806-летию армянской столицы Тень западной «демократии»: а кому в Армении запретят избираться? «Паст»Картину Клода Моне, украденную нацистами 80 лет назад, вернули внучкам законных владельцев Это позор для всего мира, что создавший UWC Dilijan человек в тюрьме в Баку- Окампо Тревога в преддверии СОР29 в Баку: Помощь на проекты, связанные с ископаемым топливом, выросла в четыре раза за один год Армения сможет получить очередной кредит в размере 100 млн. долларов Нарек Терян освобожден от должности заместителя министра экономики Армении В Китае набирают популярность банкетные залы на колесах Землетрясение в 8 км к северо-западу от города Арташат Минздрав РФ обвинил страдающих ожирением россиян в ущербе экономике на 8 триллионов рублей Еще 40 лет назад люди полагали, что мигрень – это психическое расстройство - Йес Олесен Следственный комитет Республики Армения отмечает свое 10-летие: Пашинян выступил с речью Экономист: Ни один европеец не будет аплодировать армянской продукции Сила одного драма - фонду «Дети Армении»PhytoKeys: на Гавайях найден новый вид растений из семейства гвоздичных Топ-10 самых дорогих футболистов мира В интернете появились кадры задержания сотрудника ереванской школы имени Джона Киракосяна Арарат Мирзоян и Стефан Даути обменялись мнениями по вопросам региональной безопасности Южная Корея отрицает отправку беспилотников в Пхеньян Курсы валют в Армении Герасим Варданян помещен под домашний арест Гегам Степанян: Почему Никол Пашинян с трибуны ООН не стал говорить о пленных - спросите его Экс-министр экономики Армении: Думаю, что смогу защитить свой бизнес Роберт Кочарян о новом суде: Происходящее относится к жанру абсурда и не имеет отношения к юриспруденции Важно: Аршак Карапетян призывает к консолидацииПашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст»«Грапарак»: На предпринимателей, поддерживающих оппозиционное движение, оказывается давление Байден: Трамп поступил не по-американски, передав РФ аппараты для проверки на ковид Правительство РА одобрило соглашение о подготовке кадров для уголовно-исполнительных служб стран СНГ Киану Ривз и Сандра Буллок воссоединились в связи с 30-летней годовщиной культового фильма «Скорость» Артем Калайджян рассказал о своих гонорарах Пол Маккартни отдал дань уважения покойному Джону Леннону в день его 84-летия В Армении аппаратам губернаторов выделили 1 млрд. 391 млн. драмов В Армении в некоторых случаях будут смягчены штрафы за нарушение правил применения ККА Срок полномочий членов Совета правления Инспекционного органа по контролю за рынком Армении продлен Нефть Brent подорожала до $77,23 за баррель Умер индийский миллиардер Ратан Тата В Армении семьям 11 без вести пропавших еще два месяца будет оказана соцпомощь Насильственно перемещенные из Нагорного Карабаха смогут регистрировать автомобили по льготной процедуре Погода в Армении FT: операция Израиля в Ливане не завершится до президентских выборов в США В ООН заявили, что Газа стала местом с наибольшим числом детей с ампутациями ЕС утвердил кредит Украине на 35 млрд евро за счет замороженных активов России Глава Комитета госдоходов Армении: Мы видим проблему по части тени в сфере реализации газа и бензина Это позор для всего мира, что создавший UWC Dilijan человек в тюрьме в Баку- Окампо Омбудсмен опровергла слухи о размолвке с мэром Еревана Глава КГД: Наша работа не идеальна СНБ провела мероприятия в ереванской школе № 20 имени Джона Киракосяна Мать ребенка, ставшего свидетелем привода педагога в ереванской школе, возмущена действиями правоохранителей