Իսրայելական օդուժը հրթիռակոծել է սիրիական բանակի դիրքերը
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչը հոկտեմբերի 25-ին գրոհել է սիրիական բանակի և իրանամետ զինված կազմավորումների դիրքերի վրա, որոնք գտնվում են Դամասկոսից դեպի հարավ ընկած Էլ-Կունեյտրա նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը:
Նրա տեղակատվությամբ, իսրայելական ինքնաթիռը հրթիռներով խոցել է Էլ Բաաս քաղաքի ծայրամասերում և Էլ Կուրում ավանի մերձակայքում գտնվող վերգետնյա թիրախները: Հասցվել է նյութական վնաս, սիրիացի զինծառայողների և շիա մարտիկների շրջանում զոհվածների ու վիրավորների մասին տեղեկատվություններ չեն ստացվել:
Հոկտեմբերի 14-ին իսրայելական ռազմաօդային ուժերը գրոհել էին Պալմիրայից (Դամասկոսից 240 կիլոմետր) դեպի հարավ-արեւելք գտնվող T-4 ռազմական օդակայանի վրա: Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ հարված է հասցվել այստեղ տեղակայված իրանական անօդաչու թռչող սարքերի ռազմակայանին: Այնտեղ տեղավորված ջոկատների մարտիկները, որոնք մարտնչում են սիրիական զորքերի կողմում, կորուստներ են ունեցել: Հոկտեմբերի 8-ին T-4 ռազմական օդակայանի վրա իսրայելական ռազմաօդային ուժերի հարձակումը ետ մղելու ժամանակ վերքեր են ստացել սիրիացի վեց զինվոր և 12 շիա աշխարհազորային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: