PROJECT LA–ի պրոդյուսերը՝ «Ինձ բացակա չդնեք» երգի համար Գոռ Սուջյանի փոխարեն Տարոն Մուրադյանի հետ աշխատելու պատճառի մասին
ЛАЙФPROJECT LA խումբն օրերս ներկայացրեց նոր տեսահոլովակ Համո Սահյանի բանաստեղծությամբ «Ինձ բացակա չդնեք» երգի հիման վրա, որը կատարում էր երիտասարդ երգիչ Տարոն Մուրադյանը։
Լսարանին միանգամից հետաքրքրեց, թե ինչու երգը չի կատարում խմբի մենակատար Գոռ Սուջյանը, արդյոք նա շարունակելու է աշխատել խմբի հետ։
Tert.am Life–ի հետ զրույցում խմբի պրոդյուսեր Սուրեն Սահակյանը պարզաբանեց, որ սա իրենց առաջին համագործակցությունը չէ այլ վոկալիստի հետ։ Համատեղ երգեր թողարկելու փորձ են ունեցել նաև Ռոլանդ Գասպարյանի, Նարինե Դովլաթյանի, երիտասարդ երգիչների հետ։
«Գոռը շարունակում է մնալ մեր հիմնական վոկալիստը։ Մեր երգերի մեծ մասը գրվում են հենց նրա համար, պարզապես այս երգն այսպիսի տեմբր էր ուզում։ Տարոնը սովորում է Կոնսերվատորիայում, հեռանկարային երաժիշտ է։ Քանի որ նրան ճանաչում էինք որպես լավ երաժիշտ, համագործակցեցինք»,– ասաց նա։
Սուրենը նկատեց, որ ոչ առաջին ոչ էլ վերջին անգամ են ներգրավում այլ կատարողի, սակայն իրենց հիմնական վոկալիստը Գոռ Սուջյանն է։
Նշենք, որ խումբն ի սկզբանե ստեղծվել է Լևոն Արևշատյանի երգերը ներկայացնելու համար։ Էդգար Պոյի, Էմիլի Դիքենսոնի, Վիլիամ Հենլիի, Լորդ Բայրոնի բանաստեղծությունները երգերի վերածելուց հետո Լևոն Արևշատյանը որոշեց անդրադառնալ հայ դասականների՝ Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Պարույր Սևակի բանաստեղծություններին: