Պետությունը կօժանդակի Արմավիրում բրենդիի, խաղողի թորվածքի, մրգային սպիրտների և գինու արտադրությանը
ЭКОНОМИКАՀՀ կառավարությունը երեք տարի ժամկետով կհետաձգի «Ինտերալկո» ընկերության կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում:
«Ինտերալկո»-ն նախատեսում է Արմավիրի մարզում «Արմեն-ալկո» ՍՊԸ-ին պատկանող գործարանում իրականացնել խաղողի թորվածքի, բրենդիի, մրգային սպիրտների և գինու արտադրություն: Ընկերությունը կարճաժամկետ ապագայում (1-2 տարում) պլանավորում է տեղական ֆերմերային տնտեսություններից գնած հումքից արտադրել խաղողի/գինու, մրգերի թորվածքներ, որին ավելացնելով Եվրոպայից ներկրված հումք` մեծածախ քանակով արտահանել ԱՊՀ և այլ երկրներ:
Ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել հոլանդական և ֆրանսիական արտադրության ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 670 մլն դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի ԱՊՀ, Չինաստան, Թայվան և այլ երկրներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 30 աշխատատեղ: