Ամերիկացի վերլուծաբանը կանխատեսել է, որ Հայաստանը շուտով «կանհետանա»
МЕЖДУНАРОДНОЕՄիգրացիոն քաղաքականության ամերիկացի վերլուծաբան Ալեքս Նաուրաստեն (Alex Nowrasteh), ով այժմ աշխատում է Կատո ինստիտուտի գլոբալ ազատության և բարգավաճման կենտրոնում, կանխատեսել է, որ առաջիկա 100 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կանհետանա: Վերլուծաբանը կանխատեսումներով կիսվել է Twitter-ի իր էջում:
«Ո՞ր երկրները չեն լինի 100 տարի անց: Ես ամենահոռետեսն եմ Հայաստանի վերաբերյալ»,- գրել է նա` նշելով, որ Հայաստանն անհետանալու է։
Ամերիկացի վերլուծաբանը նաև բացատրել է, թե ինչու է եկել նման եզրահանգման:
«Տնտեսապես լճացած, ավելի ուժեղ հարևանների դեմ պատերազմներում պարտվող, ծնելիության ցածր մակարդակ, արտագաղթի բարձր մակարդակ և ներգաղթյալների ծաղկող համայնքներ ամբողջ աշխարհում: Բարեբախտաբար, նրանց համար այս անգամ գնալու տեղ կա»,- գրել է Նաուրաստեն:
Նրա գրառումը լայն տարածում է գտել սոցցանցում և արժանացել քննադատությունների: Շատերը նշել են, որ հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում հայտնվել է շատ ավելի վատ իրավիճակներում և առերեսվել դժվարությունների, սակայն կարողացել է հաղթահարել դրանք:
Շուտով Նաուրաստեն ստիպված է եղել արդարացնել իրեն` գրելով. «Սա կանխատեսում է, ոչ թե ցանկություն: Հայերը դարերի ընթացքում շատ են տառապել»:
Նա հույս է հայտնել, որ նման բան տեղի չի ունենա և կրկին շեշտել, որ դա ընդամենը «կանխատեսում» էր: