Հունաստանի վարչապետը Պուտինին պատմել է Թուրքիայի ագրեսիայի մասին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան ոչ միայն հանդես է գալիս «հրահրող հռետորաբանությամբ», այլեւ ագրեսիվ գործողություններ է կատարում, որոնք խախտում են միջազգային իրավունքը եւ խաթարում կայունությունը Միջերկրական ծովի տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկել ենք նաեւ տարածաշրջանային զարգացումները, այն, ինչ տեղի է ունենում արեւելյան Միջերկրական ծովում»,- ասել է Միցոտակիսը։ «Այստեղ զրուցակցիս հետ շատ անկեղծ էի, նրան ասացի, որ, ցավոք, Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն հրահրող հռետորաբանությամբ, խեղաթյուրելով պատմությունն ու աշխարհագրությունը, այլեւ կատարում է ագրեսիվ գործողություններ, որոնք խախտում են միջազգային իրավունքը եւ հաճախ ական են դնում տարածաշրջանում կայունության տակ»։
Վարչապետի խոսքով` Հունաստանը միշտ բաց է միջազգային օրինականության եւ, իհարկե, ծովային իրավունքի շրջանակներում երկխոսության համար, որին Ռուսաստանը միշտ աջակցել եւ աջակցում է որպես հիմք, էական հարթակ, որի միջոցով պետք է կարգավորվեն միջպետական վեճերը։
Ինչ վերաբերում է Կիպրոսի խնդրին, ապա, ըստ Միցոտակիսի, նա իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի հետեւողական եւ կառուցողական դիրքորոշման համար։ «Ես վերահաստատեցի մեր հավատարմությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի շրջանակներում կենսունակ լուծման նպատակին»,- ասել է Միցոտակիսը` հավելելով, որ որոշումը հիմնված է երկհամայնքային, երկգոտի դաշնության տրամաբանության վրա, որն ունի միասնական սուբյեկտայնություն եւ միասնական քաղաքացիություն։ «Կղզում երկու պետությունների ստեղծման միջոցով լուծման ցանկացած քննարկում սկզբունքորեն պետք է մերժվի։ Ինչ վերաբերում է Վարոշայի (Հյուսիսային Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի ծովափնյա թաղամաս) հարցին, ես ընդգծեցի, որ եթե Թուրքիան շարունակի իրականացնել իր հայտարարությունները փակ քաղաքի բնակեցման վերաբերյալ, ապա, ցավոք, նա դրանով կփակի հեռանկարները այս հարցում ցանկացած առաջընթացի համար»,- ասել է վարչապետը։