Իրան-Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը թույլ կտա ստեղծել էներգիայի տարածաշրջանային շուկա
ЭКОНОМИКАՀայաստանը և Իրանը 2018 թվականին նախատեսում են շահագործման հանձնել Հայաստան-Իրան 400 կՎտ էլեկտրահաղորդման երկշղթա գիծը: Այն թույլ կտա Իրանի և Հայաստանի էլեկտրաէներգիայի փոխհոսքերը հասցնել ընդհուպ մինչև 1200 Մվտ հզորության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում այս մսին ասաց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: «Իսկ 2016 թվականի առաջին կիսամյակում մենք սկսում ենք շինարարական աշխատանք դեպի Վրաստան` 400 կՎտ հզորությամբ: Այդ երկու գծերի կառուցման ավարտը հնարավորություն կտա չորս երկրների (Իրան, Հայաստան, Ռուսաստան և Վրաստան-հեղ.) էներգահամակարգերը համատեղ և զուգահեռ աշխատեցնել, վթարային իրավիճակներում մեծացնելու էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները: Սա ռեգիոնալ համագործակցության ծրագիր է»,- նշեց նախարարը` հավելելով, որ չորս երկրների էներգահամակարգերի միջև փոխգործակցոթյան խորացումն ու ընդլայնումը հնարավորություն կտա ձևավորելու էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկա:
Նրա խոսքով` Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» երկրների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամագրումը, նպաստավոր միջավայր են ստեղծել հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման, տարածաշրջանային զարգացման ծրագրերի իրականացման համար: