Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Քրիստինե Գրիգորյանի նորաձևության երեկոյին
ЛАЙФԵրեկ կայացավ դիզայներ Քրիստինե Գրիգորյանի Kwisty նորաձևության շոուն, որի ժամանակ պոդյումում ոչ միայն պրոֆեսիոնալ մոդելներ էին, այլև հայտնի մարդիկ՝ իրենց երեխաների հետ։
Tert.am Life–ը ներկա է եղել ցուցադրությանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները։
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն առաջին անգամ էր ներկայանում նորաձևության ոլորտում։ Դերասանուհին բեմում ավագ որդու՝ Հայկի հետ էր, իսկ ամուսինն առաջին շարքից հետևում էր նրանց բեմելին, իսկ ահա Սաթենիկ Հազարյանն ու դուստրը այս հարցում արդեն պրոֆեսիոնալ են դառնում։
Սաթենիկը նաև վարում էր երեկոն, որի հյուրերի թվում էին Խորեն Լևոնյանը, Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լուիզա Ղամբարյանը, Մերի Մարտիրոսյանը և այլ հայտնի մարդիկ։ Նաիրա Մովսիսյանը միջոցառմանը եկել էր դստեր՝ Մարիայի հետ, որի 6–ամյակը համընկել էր շոուի օրվան։ Մայրիկը որոշել էր այս տարբերակով անցկացնել փոքրիկի օրը։
Երեկոյի երաժշտական մասն ապահովեցին Սոնան, Կարինե Առուստամյանը, Լիդուշիկը։
Բեմում էին նաև Գավառի մանկատան այն սաները, որոնք երազում են մոդելային կարիերայի մասին և հնարավորություն ստացան իրականացնելու իրենց երազանքը։ Ամանորին ընդառաջ Քրիստինեն իր հեղինակած ձմեռային հավաքածուի օրինակները նվիրեց Գավառի մանկատան սաներին։
«Մանկատան սաներն առանձին չեն բարձրանում բեմ, որպեսզի չառանձնանան որևէ մեկից։ Շոուն դիտելիս որևէ մեկը չի կարող տարբերել մանկատան երեխաներին մյուս մոդելներից, ինչն ինձ շատ կարևոր է»,– ասաց դիզայներ Քրիստինե Գրիգորյանը, ապա հավելեց, որ երեխաներն իրեն շատ են ոգեշնչում:
Միլանում մասնագիտական կրթություն ստացած դիզայները հավաքածուն ստեղծել է մոտ կես տարում, քանի որ նախորդ ցուցադրությունը մայիսին էր։ Նա ներկայացրեց 3 հավաքածու՝ Ձմեռային, Ատլասե և «Հայկական հոգի»։ Վերջինը ցուցադրվել է Մոսկվայում և մեծ վաճառք ունեցել։ Այդ հավաքածուից պահպանված նմուշները Քրիստինեն ցուցադրեց նաև այս երեկոյի ընթացքում։
«Հայկական զարդանախշեր շատ եմ օգտագործում մոդեռն տարբերակով։ «Հայկական հոգու» հագուստները տարազային են, բայց նորաձև։ Այս հավաքածուից մնացած նմուշներն այլևս չեմ ուզում վաճառել, քանի որ ոգեշնչման աղբյուր են։ Դերասան Սուրեն Առուստամյանն այդ թեմայով վիճում է ինձ հետ, բայց ես նույնիսկ տխրում եմ, երբ այդ հավաքածուից վաճառք է լինու,– ասաց Քրիստինան ու հավելեց, որ իր բոլոր հագուստներիս վրա ասեղնագործված է Հայաստանի դրոշը։
Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի