Հոգեբույժը կհետազոտի Սաակաշվիլիին
МЕЖДУНАРОДНОЕԲժիշկ, Վրաստանի օմբուդսմենին կից ստեղծված բժշկական խորհրդի անդամ Գրիգոլ Գրիգոլիան ասել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կգնահատի հոգեբույժը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ տեղեկություններ կան, որ Սահակաշվիլին թուլացել է, նրա համար դժվարացել է կանգնել ու խոսել։ Բժիշկը նշել է, որ Վրաստանի նախկին նախագահը կարող է մեծ քանակությամբ հոգեմետ նյութեր ստանալ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել, որ բժշկական խորհուրդը Գորիի հիվանդանոցում այցելի նախկին նախագահին։
«Կտեսնենք, թե ինչ դեղորայք կստանա։ Մեր օմբուդսմենը՝ տիկին Նինո Լոմջարիան, խմբին ավելացրել է հոգեբույժի, քանի որ մենք պետք է կոնկրետ հետազոտություն անցկացնենք»,- ասել է Գրիգոլիան։
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ բաց կթողնի հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք դատական լսումները՝ առողջական խնդիրների պատճառով։
Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Սաակաշվիլին իրեն «քաղբանտարկյալ» է անվանում, հացադուլ է հայտարարել գրեթե անմիջապես ձերբակալման պահից հետո։ Քաղաքական գործչի բժիշկներն ու փաստաբանները մշտապես հայտնում էին նրա առողջական վիճակի վատթարացման մասին։