Զելենսկին առաջարկել է Կիեւում Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների գագաթաժողով անցկացնել
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Կիեւում Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների գագաթաժողով անցկացնել։
Բրյուսել կատարած այցի ընթացքում Զելենսկին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ։ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիեւին «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը» աջակցելու համար եւ կոչ է արել Ադրբեջանին միանալ անօրինական ձերբակալվածներին ազատ արձակելու գործընթացին։ «Ռուսաստանում անօրինական կերպով ձերբակալված Ուկրաինայի քաղաքացիների, հատկապես Ղրիմի թաթարների ազատ արձակման հարցը իմ հիմնական առաջնահերթություններից է։ Երախտապարտ կլինեմ այս խնդիրն առաջ մղելու ձեր հնարավոր օգնության համար»,- ասել է Զելենսկին։
Նա նշել է երկրների միջեւ երկկողմ համագործակցության ակտիվացումը՝ 2019 թվականի դեկտեմբերին Ադրբեջան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։
Զելենսկին հիշեցրել է, որ 2022 թվականի փետրվարին կնշվի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հաշվի առնելով սա՝ նա առաջարկել է փետրվարին Կիեւում երեք պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթաժողով անցկացնել։
Զելենսկին նաեւ ուշադրություն է հրավիրել երկրների միջեւ համագործակցության տրանսպորտային եւ նյութատեխնիկական ներուժի վրա, մասնավորապես, Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղով երկաթուղային եւ ծովային տրանսպորտի օգտագործմամբ ապրանքների տարանցման ակտիվացման անհրաժեշտության վրա։ Ուկրաինայի նախագահը հիշեցրել է «Մեծ շինարարություն» ազգային ծրագրի շրջանակներում մայրուղիների եւ տրանսպորտային հանգույցների շինարարության ոլորտում ադրբեջանական ընկերությունների հետ համագործակցության դրական փորձը։