«Էրդողանը փող է փնտրում, դրա համար ձգտում է հանդիպել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ». WSJ
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան նշանավոր «Wall Street Journal» թերթը դիտարկման է առել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ծոցի որոշ երկրների հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Հրապարակված հոդվածում նշվում է, որ այդ նախաձեռնության իրական պատճառը աշխարհաքաղաքականից բացի կարեղ է լինել նաև ֆինանսականը:
Հիշեցվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ հարաբերություններում եղած լարվածությունը հանգուցալուծվել է ԱՄԷ-ի թագաժառանգի՝ Անկարա կատարած այցի ժամանակ, որի ընթացքում կնքվել էր Թուրքիայում կատարվելիք ներդրումների մասին 10մլրդ դոլարանոց պայմանագիր:
ԱՄԷ-ի թագաժառանգի այցից հետո Կատար մեկնած Էրդողանն ուղերձ էր հղել առ այն, որ նմանատիպ նախաձեռնություն կարող է լինել նաև Իսրայելի և տարածաշրջանի այլ երկրների հետ: Նշվում է, որ Թուրքիայի նախագահը ցանկացել է հանդիպել այդ օրերին Կատարում եղած Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ, սակայն գրաֆիկների անհամապատասխանության պատճառով հանդիպումը չի կայացել:
Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Կատարի միջնորդությամբ շարունակվում են բանակցություններն Էրդողանի ու Սալմանի հանդիպումը առաջիկայում կազմակերպելու համար։
«Էրդողանի ուզածն աշխարհաքաղաքական շարժառիթներից բացի կարող է փողը լինել: Տարադրամի ճգնաժամի մեջ գտնվող Թուրքիայի համար Էրդողանը օգնություն է փնտրում»,- եզրակացրել է WSJ-ի վերլուծաբանը: