Թուրքական լիրան կրկին արժեզրկման ռեկորդ է գրանցել
ЭКОНОМИКАԹուրքիայի ազգային արժույթը շարունակում է անկում ապրել և արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցել։ Այս մասին, ինչպես տեղեկացավ «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberturk.com-ը։
Լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ դեկտեմբերի 17-ի դրությամբ դարձել է 1 դոլար-16,10 լիրա։ Վերջին մեկ ամսում Թուրքիայում դոլարը 50,5 տոկոս աճ է գրանցել, իսկ 2021թ. ընթացքում՝ 114 տոկոս։
Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն իր որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 15 տոկոսից իջեցրել է 14 տոկոսի։ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 21,31 տոկոս։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վարվող տնտեսական նոր մոդելի քաղաքականության պատճառով արդեն մեկ տարի է թուրքական լիրան աստիճանաբար արժեզրկվում է։ Սեպտեմբերին Թուրքիայի կենտրոնական բանկը Էրդողանի կարգադրությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցրել էր մինչև 15 տոկոսի, ինչն ավելի մեծ բացասական ազդեցություն էր ունեցել: Էրդողանի նմանօրինակ քաղաքականությունը նպատակ ունի խթանելու թուրքական ապրանքների մրցունակությունը, արտահանման ծավալների ավելացումը և նոր ներդրողների ներգրավումը: