Իսրայելում զբոսաշրջիկներին բաժանել են ըստ ազգային պատկանելության
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի իշխանությունները երկիր այցելող ճանապարհորդների բաժանում են կատարել. այսպես, «հրեական տուրիզմ» կարգին համապատասխանող զբոսաշրջային խմբերն ազատվել են երկիր մուտքի սահմանափակումներից, տեղեկացնում է Haaretz-ը։
Չնայած երկիր մուտքի սահմանափակում մտցնելուն՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման սպառնալիքի պատճառով, ըստ ծննդյան իրավունքի Իսրայել եկող պատվիրակություններին (հրեական ծագում ունեցող օտարերկրյա զբոսաշրջիկներին) թույլատրվում է մտնել Իսրայել, այն դեպքում, երբ Սուրբծննդյան տոների օրերին Իսրայել գալ ցանկացող քրիստոնեական համայնքներին արգելվում է հատել սահմանը։
Նշվում է, որ քրիստոնեական կազմակերպությունները բողոք են ներկայացրել այս որոշման դեմ. հոգեւորականության ներկայացուցիչները դիմել են առողջապահության եւ ներքին գործերի նախարարություններ՝ խնդրելով թույլ տալ Իսրայել մտնել մի քանի տասնյակ հոգեւորականների եւ միանձնուհիների, բայց նրանց մերժել են։
«Մենք չենք պատրաստվում սակարկել։ Այստեղ սկզբունքային հարց է ծագում. ինչո՞ւ ծննդյան իրավունքով օտարերկրյա քաղաքացիներն օգտվում են կանոնների բացառությունից, իսկ ուխտագնացները՝ ոչ։ Ստացվում է, որ միակ տարբերությունը միայն այն է, որ նրանք հրեա են»,- նշել է եկեղեցական գործիչներից մեկը։