Ռուսաստանում ձերբակալել են երկրի թյուրքերի մասին ֆիլմ նկարահանող 2 թուրք լրագրողի. նրանք կարտաքսվեն
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական պետական «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ GZT-ի թուրքական հրատարակության խմբագիրներ Նազգուլ Քենժեթայը և Էմին Կարաչակը ձերբակալվել են դեկտեմբերի 16-ին ռուսական Խակասիայում՝ Ռուսաստանում թյուրքական համայնքների կյանքի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու համար։ Քենժեթային և Կարաչակին ձերբակալել են ծայրահեղականության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները. լրագրողների իրերն առգրավվել են, նրանց նկարահանած բոլոր նյութերը ոչնչացվել են, և երկուսն էլ պահվում են Աբականի ժամանակավոր մեկուսարանում և պատրաստվում են արտաքսման։
Ըստ Քենժեթայի՝ նրան Կրասնոյարսկով պետք է ուղարկեն Ղազախստան, իսկ իր գործընկերոջը՝ Թուրքիա։ Այնուամենայնիվ, Քենժեթայը և Կարաչակը հայտնում են, որ իշխանությունները ձգձգում են իրենց վտարումը, որպեսզի ավելի երկար պահեն իրենց անազատության մեջ։ Լրագրողների խոսքով` Աբականում իրենց խցերը չեն ջեռուցվում, մեկուսարանում տաք ջուր չկա, օրական երկու անգամ կարող են դուրս գալ փողոց, իսկ հեռախոսները մշտապես վերահսկվում են։ Նաև խցերը գտնվում են 24-ժամյա տեսահսկման տակ, ինչը խախտում է կալանավորների իրավունքները։
Քենժեթայը Ղազախստանի քաղաքացի է, ով ապրում է Թուրքիայում, որտեղ ավարտել է թուրքական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, հաղորդում է IslamNews-ը։
Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 17-ին, Աբականի քաղաքային դատարանը Քենժեթային և Կարաչակին մեղավոր է ճանաչել Ռուսաստան մուտք գործելու կանոնների կրկնակի խախտման մեջ, հայտնում է Siberia-ն։ Ըստ ՆԳՆ-ի` բլոգերները տեսանյութեր են նկարահանել լրատվամիջոցների համար, սակայն աշխատել են Խակասիայում առանց հավատարմագրման, որի համար տուգանվել են 5000 ռուբլով։ Ավելի վաղ Քենժեթայը և նրա ուղեկիցը նմանատիպ հոդվածով տուգանվել էին Յակուտիայում։
Թուրքական պետական «Anadolu» գործակալությունը առանձին նշում է, որ ռուսական լրատվամիջոցներն «անհիմն պնդումներով նյութեր են հրապարակում այն մասին, որ Քենժեթայը և Կարաչակը իբր հակառուսական քարոզչություն են իրականացնում, լրտեսություն են անում, փորձում են ցույց տալ, որ թյուրք ժողովուրդները Ռուսաստանի ղեկավարությամբ ապրում են ծանր պայմաններում և իսլամ են տարածում»: «Սակայն Խակասիայի թուրքերը, իմանալով թուրք լրագրողների ծանր դրության մասին, սնունդ և ջուր են բերում Քենժեթային և Կարաչակին»,- ասվում է հոդվածում։