Էրդողանը Թուրքիան «21-րդ դարի ծագող աստղ» է անվանել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «21-րդ դարի ծագող աստղ է», եւ որ 2021 թվականի վերջին երկրում ՀՆԱ-ի աճը երկնիշ թվի կհասնի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիան 21-րդ դարի ծագող աստղ է, լավ մտածված քաղաքականության շնորհիվ նա դարձել է այն երկու երկրներից մեկը, որոնց տնտեսական աճը համավարակի առաջին տարում դրական է եղել։ Մենք այս տարվա համար ցույց կտանք ՀՆԱ-ի երկնիշ աճի ցուցանիշ»,- ասել է նա՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Գազիանթեփ նահանգի իշխող կուսակցության անդամների առջեւ։
Նրա խոսքով, 2002 թվականին, երբ իշխանության եկավ իր գլխավորած կուսակցությունը, կենտրոնական բանկի պահուստները կազմում էին ընդամենը 27,5 մլրդ դոլար, իսկ ԱՄՀ-ին պարտքը՝ 23,5 մլրդ դոլար, մինչդեռ այսօր խոսքը կենտրոնական բանկի պահուստների 120 մլրդ դոլարի եւ ԱՄՀ-ին պարտքի բացակայության մասին է։
«Հինգերորդ շարասյունը» վերջերս փորձեց խուճապ առաջացնել երկրում, մենք բախվեցինք արտարժույթի շուկան մանիպուլյացիայի ենթարկելու աննախադեպ փորձերի, բայց մենք այդ խնդիրը լուծեցինք ընդամենը մեկ ժամում»,- ասել է Էրդողանը։
Անցյալ շաբաթ Թուրքիայի կենտրոնական բանկը որոշել էր զեղչային տոկոսադրույքը 15%-ից իջեցնել մինչեւ 14%, ինչը թուրքական արժույթի կտրուկ անկում էր առաջացրել՝ երկուշաբթի դոլարը հասել էր ռեկորդային 18,4 լիրայի։