Պուտինը հանդես է եկել ամանորյա ամենաերկարատև ուղերձով
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել իր ամենաերկարատև ամանորյա ուղերձով, այն տևել է 6 րոպե 22 վայրկյան և կազմված է մոտ 700 բառից։ Շնորհավորանքն առաջինը լսել ու տեսել են Կամչատկայի բնակիչները, որտեղ արդեն սկսվել է 2022 թվականը։
Ռուսաստանի Դաշնության նախագահի նախորդ ամանորյա ուղերձը, որն ամփոփում էր համաճարակի առաջին տարին՝ 2020 թվականը, նույնպես այն ժամանակ ամենամեծն էր՝ այն տևեց վեց րոպե, իսկ ծավալը՝ 601 բառ։
Մինչ այդ ամենաերկար ամանորյա շնորհավորանքը՝ չորսուկես րոպեից ավելի, Պուտինը հնչեցրել էր 2013 թվականի դեկտեմբերի 31-ին Խաբարովսկում՝ ջրհեղեղից տուժածների հետ հանդիպման ժամանակ։ Այդ գիշեր Կամչատկայի բնակիչներին հաջողվել էր տեսնել Կրեմլում նախապես ձայնագրված շնորհավորանքը, իսկ մնացած բոլոր ժամային գոտիների համար արդեն ցուցադրվել է պետության ղեկավարի խաբարովսկյան կոչը։
Մնացած տարիներին և՛ Պուտինը, և՛ Դմիտրի Մեդվեդևը, ով զբաղեցրել է նախագահի պաշտոնը 2008-2012 թվականներին, ավելի քիչ ծավալուն ամանորյա ելույթներ են ունեցել։ Բառերի քանակով ամենակարճը՝ 191, 2006թ.-ի կապակցությամբ շնորհավորանքն էր, որը տեւեց երկու րոպեից մի փոքր ավելի։
Ամանորյա ուղերձի ժամանակի ռեկորդը պատկանում է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինին։ 1999 թվականի դեկտեմբերի 31-ին, հայտարարելով թոշակի անցնելու մասին, նա խոսեց ավելի քան 10 րոպե։ Սակայն ծավալով՝ 628 բառ, Ելցինի ամանորյա հրաժեշտի խոսքը զիջում է նախագահի այսօրվա շնորհավորանքին։