«Միայն այս արգելքով հարցը չի լուծվի». «Փաստ»
ИНТЕРВЬЮ«Փաստ» օրաթերթը գրում է
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում հակածխախոտային օրենքը: Կառավարությունը պնդում է, որ ցանկանում է գործուն քայլեր կատարել և նվազեցնել ծխախոտի օգտագործումը և կանխել դրա հետևանքով առողջությանը պատճառված վնասները: Այս հրապարակմամբ անդրադառնալու ենք հունվարի 1-ից ուժի մեջ մտած վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքին՝ հարցի հոգեբանական կողմի առումով: Ինձ համար, ով ծխող չէ, այս արգելքը որևէ նշանակություն չի ունենալու, իսկ ծխողների ու հատկապես անչափահասների համա՞ր, որոնք այդ տարիքում հատկապես հակված են դեպի ծխախոտը: Հոգեբան Աննա Բադալ յանը նշում է՝ խնդիրը պետք է բազմակողմանի դիտարկենք, որովհետև մեկ որոշումը չի կարող այն լուծել:
«Գործ ունենք հասարակության հետ, որտեղ կան տարբեր մարդիկ՝ տարբեր հոգեբանությամբ, ընկալումներով ու կարծրատիպերով: Վնասակարի գովազդը դադարում է, շատ լավ է: Անցանք երկրորդ էտապին: Այն մարդը, որը ծխում է, շարունակելու է ծխել, այստեղ պետք է գիտակցական մակարդակի վրա ազդել: Բնական է՝ երբ տեսնում է ծխախոտը, պահանջմունքն արթնանում է: Չեմ ասում, թե ամբողջովին, բայց գուցե 0,05 տոկոսով այն կրճատվի: Երբ չկա տեսողական ընկալումը, հնարավոր է մեկ անգամ մոռանա ծխախոտ գնել, բայց հնարավոր է նաև պահանջմունքը մեծանա: Այս առումով բավականին մեծ գործ ունի անելու կախվածության կենտրոնը: Ինձ համար ամենամեծ հարցը, որի մասին կցանկանայի խոսել, կապված է անչափահասների հետ: Մեր երկրում տղաների մեծ մասը սկսում է ծխել այդ տարիքից: Անցումները, արգելքի սահմանը պետք է նուրբ լինի, քանի որ արգելված պտուղը քաղցր է:
Երբ մարդու տեսողական ընկալումները դա չեն ըմբոշխնում, հասարակության մեջ լսում է բացասական կարծիք, լրատվամիջոցները, հեռարձակվող գովազդները կրթող ու դաստիարակող գործառույթ են իրականացնում, դրան զուգահեռ ընտանիքում չեն ծխում, հավատացեք՝ անչափահասը երբեք դեպի ծխախոտը չի գնա: Բայց եթե արգելքը կոպիտ ձևով արվի, պահանջմունքը կմեծանա, կգործի արգելված պտուղը քաղցր է սկզբունքը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբանն՝ ընդգծելով, որ ծխախոտի օգտագործումը մեր հասարակության մեջ նվազեցնելու համար բավականին լայնածավալ աշխատանք պետք է տանենք, ընդ որում՝ տարբեր ուղղություններով:
«Միայն գովազդն արգելելով հարցը չի լուծվի, պետք է աշխատել հասարակության հետ: Եթե ուսումնասիրենք, ապա ծխող մարդկանց պարագայում խնդիրները հիմնականում հոգեբանական են, հետո է դառնում նաև ֆիզիոլոգիական պահանջմունք»,-նշում է մեր զրուցակիցը:
Ընդգծում է՝ գործ ունենք հասարակության տարբեր շերտերի հետ: «Ծխախոտի դեմ պայքարը պետք է սկսել դպրոցից և ընտանիքից: Դպրոցում ամեն ինչ պետք է շատ գրագետ կազմակերպվի, չպետք է գնալ «ոչի» ճանապարհով, քանի որ անչափահասներն ունեն հակադրվելու ունակություն, որը հարիր է իրենց տարիքին: Երբ դա արվում է դպրոցում՝ սովորելու պրոցեսի հետ զուգահեռ, երեխան դա ընկալում է որպես անհրաժեշտություն, գիտելիք, հմտություն, որը հետո կարող է դառնալ իր վարքի դրսևորման ձև: Այս կանոնը պետք է մտնի դպրոցից, ամրագրվի ընտանիքում, և իրենք կարողանան դա պահպանել հասարակության մեջ: Սա պետք է լինի առողջ ապրելակերպի կանոն: Պետք է բացատրել երեխային, պատասխանել հարցերին, թույլ տալ, որ նա հայտնի իր կարծիքը, օրինակներ բերել, ուստի ծխախոտի հրապարակային ցուցադրության և գովազդի արգելքն ընդամենը մի փոքրիկ շտրիխ է»,-եզրափակում է հոգեբան Աննա Բադալյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում