Բենզինի և դիզվառելիքի գները բարձրացել են. «Ժողովուրդ»
ЭКОНОМИКА«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում բենզինի եւ դիզելային վառելիքի գներն են բարձրացել: Այս մասին է վկայում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի գինն աճել է 0.8 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը մեկ ամսում թանկացել է 1.1 տոկոսով:
Բայց եթե դիտարկենք մեկ տարվա վիճակագրությունը, ապա կարձանագրենք հետեւյալը՝ 2021 թվականի դեկտեմբերին, 2020-ի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 43.3 տոկոս գնաճ, իսկ դիզելային վառելիքի գինը բարձրացել է 50.4 տոկոսով: Այսօրվա դրությամբ հայաստանյան բենզալցակայաններում Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 500 դրամով, Պրեմիումը՝ 520 դրամով: Տեղեկացնենք, որ Սուպեր տեսակի բենզինի մեկ լիտրը վարորդին բենզալցակայաններն առաջարկում են 620 դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխարհում բենզինի մեկ լիտրի միջին գինը հունվարի 10-ի դրությամբ կազմել է 1 դոլար 22 ցենտ կամ 591 դրամ: Օրինակ, Եվրասիական տնտեսական միության անդամ Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 394 դրամ, Ղազախստանում՝ 226 դրամ, իսկ Ռուսաստանում այն արժեցել է 333 դրամ: Փաստորեն, ԵԱՏՄ անդամ համարվող Հայաստանը միակն է, ուր բենզինը բարձր գին ունի: