Իրաքում 8 մարդ է զոհվել թուրքական բանակի հասցրած հարվածների հետևանքով
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական բանակը մի քանի հարված է հասցրել, այդ թվում՝ օդուժի կիրառմամբ, Իրաքի Նեյնավայի նահանգի Մահմուր քաղաքին. զոհվել է ութ մարդ և 17-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է RUDAW քրդական գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության ներկայացուցիչների:
«Ութ մարդ է սպանվել թուրքական գնդակոծության հետևանքով, ևս 17-ը վերքեր են ստացել և տեղափոխվել Նեյնավայի Քայյարա քաղաքի հիվանդանոց»,-գրում է գործակալությունը:
Նրա տվյալներով՝ լույս փետրվարի 2-ի գիշերը Մահմուրը և նրա մերձակայքը Թուրքիայի ուժայինների կողմից, այդ թվում՝ օդուժի կիրառմամբ, գնդակոծվել է վեց անգամ:
Քրդական դեմոկրատական կուսակցության տեղի բաժանմունքի ներկայացուցիչ Աբդալլահ Թահերը գործակալությանը հայտնել է, որ զոհվածների թվում կան զինծառայողներ և քաղաքացիական անձինք: Մահմուր քաղաքը, որը վերահսկվում է քրդական «Փեշմերգ»-ի կողմից, գտնվում է քրդական ինքնավարության Էրբիլ մայրաքաղաքից դեպի հարավ:
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ երկրի ռազմաօդային ուժերը քուրդ զինյալների դեմ օդային գործողություն են անցկացրել Իրաքի և Սիրիայի հյուսիսում: Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին: Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի ռազակայանները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային ու ցամաքային գործողություններ են անցկացնում: