«Սարի աղջիկ» եւ «Երդում» սերիալներից հայտնի Անիտա Ավետիսյանի ոճային փոփոխությունը, նոր ֆոտոշարքն ու Մենչի նախագծում նոր դերը
ЛАЙФԵրիտասարդ դերասանուհի Անիտա Ավետիսյանը շուտով հեռուստադիտողին կներայանա նոր ձեւաչափով ու նոր կերպարով: «Սարի աղջիկ» եւ «Երդում» սերիալներից հայտնի դերասանուհին այս շրջանում նկարահանվում է Արմեն Պետրոսյանի նոր հումորային սերիալում, որը կոչվում է «Սիրո հասակ»: Իր նոր հերոսուհուն մարմնավորելու համար Անիտան դիմել է ոճային փոփոխության, որը կարող եք տեսնել դերասանուհու` օրերս իրականացրած ֆոտոշարքում:
«Ոճս փոփոխել եմ, քանի որ մեծ ցանկութուն ունեմ չկրկնվելու, չլինելու նախկին կերպարներիս նման: Ցանկանում եմ հանդես գալ բոլորովին նորովի, այդ պատճառով էլ փոփոխել եմ թե´ վարսերիս, թե´ հագուստիս ոճը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Անիտան, որը նախագծում մարմնավորում է երիտասարդ մի հերոսուհու, որի անունը Լիդա է:
«Կերպարս բավական հետաքրքիր է՝ հենց հումորային ժանրում, եւ արդեն ինձ շատ հոգեհարազատ է դարձել: Կարծում եմ՝ հեռուստադիտողին իմ մարմնավորմամբ, հատկապես, այս կերպարն է դուր գալու, քանի որ նա սիրահարված աղջիկ է, ըստ իս՝ ոչ մի բացասական կողմ չունի»,-հավելեց դերասանուհին, որը թեեւ առաջին անգամ է նկարահանվում հումորային ժանրի սերիալում, ասում է՝ այդ առումով դժվարություն չի զգում,- «Ընդհակառակը, այս դերն ինձ ավելի հեշտ տրվեց, ու ինձ համար էլ այս փոփոխությունն ավելի հետաքրքիր է»:
Անդրադառնալով շիկահեր դառնալուն՝ Անիտան նշեց, որ մազերի երանգի փոփոխությունը բացարձակ կապ չունի իր հոգեվիճակի հետ.
«Աղջիկների մոտ մի այսպիսի սովորություն կա՝ երբ ցանկանում են, որ կյանքում ինչ-որ բան փոխվի, դիմում են մազերի գունափոխության, բայց իմ դեպքում այդպես չէ. փոփոխությունը կատարել եմ, պարզապես, դերիս համապատասխանելու համար»:
2021-ը Անիտայի համար ճակատագրական տարի էր. նա ոչ միայն մեծ ճանաչում ձեռք բերեց «Սարի աղջիկ» նախագծի շնորհիվ, այլեւ՝ թողարկեց մի քանի տեսահոլովակ ու, նույնիսկ, հասցրեց ելույթներ ունենալ տարբեր կորպորատիվ միջոցառումների: Ամփոփելով նախորդ տարին՝ դերասանուհին հավելեց.
«2021-ն ինձ համար եղել է բարձրունքի տարի, քանի որ ունեցել եմ շատ պրեմիերաներ, համերգներ, նկարահանումներ, սերիալային աշխատանքներ: 2022-ում է´լ ավելի շատ նորություններ կլինեն, քանի որ արդեն կան ուրվագծված մի շարք նախագծեր, որոնց փակագծերն առայժմ չեմ ցանկանում բացել, բայց վստահ եմ, որ կրկին հետաքրքիր կլինեն»: