Հայ և ռուս օդագնացները համաշխարհային ռեկորդ են սահմանել (տեսանյութ)
ЛАЙФՀայաստանի օդագնացության ֆեդերացիայի ղեկավար Նաիրի Բարսեղյանը Ռուսաստանի ավիացիայի ֆեդերացիայի անդամ Սերգեյ Բաժենովի հետ միասին համաշխարհային ռեկորդ է սահմանել AX-9 դասի օդագնացով օդում գտնվելու տևողության առումով։ Այս մասին Բարսեղյանը հայտնել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Թռիչքը սկսվել է փետրվարի 16-ի առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում, մեկնարկը տրվել է Օրենբուրգ քաղաքից։ «Հպարտ եմ ոչ թե նրանով, որ համաշխարհային ռեկորդ եմ սահմանել, այլ որ մեր երկիրը ընդգրկվելու է ավիացիոն սպորտաձևի պատմության մեջ»,- ասել է Բարսեղյանը։
Թռիչքը տևել է 35 ժամ, ինչից հետո տղամարդիկ բարեհաջող վայրէջք են կատարել։
Բարսեղյանն ու Բաժենովը ռեկորդին նախապատրաստվել են վերջին մի քանի տարիներին։
Նախորդ ռեկորդը գրանցվել է 2016 թվականի հունվարի 25-ին՝ Իվան Մենյայլոն ու Ֆյոդր Կոնյուխովը օդում մնացել էին 32 ժամ 20 րոպե։