Սպիտակ տունը Կոնգրեսից 6,4 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի հարցով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ վարչակազմը Կոնգրեսից 6,4 միլիարդ դոլար է խնդրել՝ Ուկրաինա շարունակվող ռուսական ներխուժմանն արձագանքելու համար: Այս մասին հայտնում է The Hill-ը՝ վկայակոչելով վարչակազմի ներկայացուցչին։
Նշվում է, որ 2,9 միլիարդ դոլարը նախատեսված է Պետքարտուղարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ հումանիտար օգնության համար, ինչպես նաև Լեհաստանի, Բալթյան երկրների և ՆԱՏՕ-ի արևելյան դաշնակիցների համար՝ օգնելու ապահովելու Ուկրաինայի անվտանգությունը: Պենտագոնին լրացուցիչ ֆինանսավորման համար պահանջվել է ևս 3,5 միլիարդ դոլար։
Հայտնի է, որ այս տարի ԱՄՆ-ն Ուկրաինային արդեն հատկացրել է 650 մլն դոլար՝ որպես անվտանգության ապահովման աջակցություն, ինչպես նաև հավելյալ 52 մլն դոլար՝ որպես մարդասիրական օգնություն։
Նաև Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին վստահեցրել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ մահացու զինատեսակներ կտրամադրի Ուկրաինային և աշխատում է առաքման նյութատեխնիկական ապահովման վրա՝ հաշվի առնելով երկրի օդային տարածքում տիրող իրավիճակը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։