Ղարիբաշվիլին բացատրել է, թե ինչու Վրաստանը պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ
МЕЖДУНАРОДНОЕ«Երբ խոսքը պատժամիջոցների կիրառման մասին է…Ի՞նչ է ինձ խնդրում ընդդիմությունը, որ ես իմ ժողովրդի դեմ պատժամիջոցներ կիրառեմ, և սրանից ո՞վ է կորցնելու, մեր բնակչությունը, մեր տնտեսությունը, մեր մեկ միլիոնից ավելի հայրենակիցները, ովքեր չեն կարողանա ֆինանսական գործարքներ իրականացնել։ Ավելորդ էմոցիաները ոչ մի լավ բանի չեն բերի եւ միայն կվնասեն ազգային շահին». Այս մասին կառավարության նիստից առաջ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է «Նովոստի-Գռուզիան»։
Վարչապետն ընդգծել է, որ ինքը գործում է Վրաստանի ազգային շահերից ելնելով։
«Ուստի եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ այդ ավելորդ էմոցիաները ոչ մի բանի չեն բերի, հակառակը, վնասում են մեր ազգային շահերին, մեր ժողովրդի շահերին»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։
Ընդ որում, նա հավելել է, որ բոլոր միջազգային ձեւաչափերի շրջանակներում Վրաստանն աջակցություն է հայտնել Ուկրաինային։ Վրաստանը կողմ է հանդես եկել Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը կասեցնելու մասին Եվրախորհրդի որոշմանը, ինչպես նաեւ աջակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին։
Նշենք, որ Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կոչ է անում երկրի իշխանություններին մասնակիորեն միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին, որոնք սահմանվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
«Վրաց ժողովրդի անունից դուք պետք է միանաք օդային տարածքի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱՇ-ի նախագահ Նիկա Մելիան։ Նա նաեւ պահանջել է արգելել ռուսական ԶԼՄ-ների հեռարձակումը երկրում։