Բայդենը երախտագիտություն է հայտնել Էրդողանին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։ Այս մասին ասվում է երկու պետությունների նախագահների հեռախոսազրույցի արդյունքներով Սպիտակ տան հրապարակած գրավոր հայտարարության մեջ։
«Նախագահները քննարկել են ընդհանուր մտահոգությունը՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի անհիմն եւ չարդարացված ներխուժման հետ: Նրանք վերահաստատել են իրենց վճռորոշ աջակցությունն Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին, ընդգծել ռուսական ագրեսիայի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը եւ ողջունել համակարգված միջազգային արձագանքը ճգնաժամին։ Նախագահ Բայդենը երախտագիտություն է հայտնել հակամարտության դիվանագիտական կարգավորմանն աջակցելու Թուրքիայի ջանքերի, ինչպես նաեւ տարածաշրջանի առաջնորդների հետ Թուրքիայի վերջին շփումների համար, որոնք նպաստում են խաղաղության եւ կայունության ամրապնդմանը»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։