Ադրբեջանը մտադիր է ավելացնել գազի մատակարարումները դեպի Եվրոպա
МЕЖДУНАРОДНОЕ«Հաջորդ տարի կավելացվի գազի մատակարարումը դեպի Եվրոպա Հարավային գազային միջանցքով»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ ելույթ ունենալով Անթալիայում Դիվանագիտական ֆորումի շրջանակներում էներգետիկ անվտանգության թեմայով պանելային քննարկման ժամանակ, հայտնում է Report-ը։
Նա ընդգծել է, որ Հարավային գազային միջանցքն արդեն ցույց է տվել իր հաջողությունը։
«Այժմ գազը տեղափոխում է Թուրքիա և Եվրոպա։ Ադրբեջանը Կասպից ծովում գազի հսկայական հանքավայրեր ունի, և առկա ենթակառուցվածքը լավ վիճակում է։ Էներգետիկ ոլորտի տարբեր ընկերություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ համագործակցության նկատմամբ»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով` Ադրբեջանի էներգետիկ քաղաքականության մասին խոսելիս առաջին հերթին անհրաժեշտ է խոսել Թուրքիայի հետ սերտ համագործակցության և համատեղ նախագծերի մասին։
Շահբազովը նշել է, որ էներգետիկայի զարգացումը ադրբեջանա-թուրքական հարաբերությունների հիմնական հենասյուներից մեկն է։
«Էներգետիկան մեր երկրների միջև ապագա համագործակցության հիմնական թեմաներից մեկն է»,- ասել է նա։
Նախարարն ընդգծել է նաև էներգետիկ ռեսուրսների փոխադրման գործում դիվերսիֆիկացման կարևորությունը։
«Մենք մտածում ենք այն մասին, թե ինչ կարող ենք անել հավասարակշռված և կայուն կերպով: Բոլորը գիտեն, որ էներգետիկ անվտանգությունը Ադրբեջանի համար անբաժանելի գործոն է։ Այժմ կարող ենք փաստել, որ տարածաշրջանում և աշխարհում քաղաքական հակամարտությունները անկայունություն են բերում գազի շուկայի համար»,- ընդգծել է Փարվիզ Շահբազովը։