Լուկաշենկոն հայտնել է, թե ով կարող է դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է այն հարցին, թե ինչ ուժեր կարող են ազդել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վրա՝ երկրում ռուսական հատուկ գործողությունը դադարեցնելու համար։ Ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Բելառուսի ղեկավարը նշել է, որ ՄԱԿ-ը կամ որևէ միջնորդ դժվար թե կարողանան դա անել։
«Նրանք ինչ-որ կերպ ազդում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Բայց ոչ ավելին։ Ոչ մի ՄԱԿ ոչ մի պատերազմ չի դադարեցրել»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է «БелТА»-ն։
Բելառուսի նախագահի խոսքով՝ իրավիճակի վրա արմատապես կարող են ազդել միայն Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ը։ Լուկաշենկոյի տեսանկյունից Վաշինգտոնն այս դեպքում կարող է ազդել Կիևի՝ Մոսկվայի հետ համաձայնագրի ստորագրման վրա։
«Կարող են կանգնեցնել Ռուսաստանը, Ուկրաինան՝ պայմանավորվելով համաձայնագիր ստորագրել։ Կամ ամերիկացիները, որոնք հրաման կտան Ուկրաինայի ղեկավարությանը վերջ տալ պատերազմին։ Եթե սրան համաձայնեն ամերիկացիները, ապա Եվրամիությունն ու մյուսները արագ կշարվեն ԱՄՆ-ի թիկունքում և կաջակցեն նրանց որոշմանը։ Ուստի երկու ուժ՝ Ռուսաստան և Ուկրաինա։ Կամ Ամերիկան»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։