Չինաստանը դեմ է ՌԴ-ին G20-ից հեռացնելու գաղափարին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը «Մեծ քսանյակ»-ի (G20) կարևոր անդամ է, այս ձևաչափին մասնակցող երկրներից ոչ մեկն իրավունք չունի դրանից դուրս թողնել այլ պետությունների։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխնացմամբ, չորեքշաբթի կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«G20-ը միջազգային տնտեսական համագործակցության կարևոր հարթակ է: Ռուսաստանը նրա կարևոր մասնակիցն է, մասնակիցներից ոչ ոք իրավունք չունի զրկել մյուսներին այս կարգավիճակից»,- ասել է նա։
Վան Վենբինը նշել է, որ համաշխարհային տնտեսությունը ներկայում գտնվում է համավարակի բացասական հետևանքներից վերականգնվելու առանցքային փուլում, հետևաբար, այս ֆոնին G20-ի երկրները հատուկ պատասխանատվություն են կրում տնտեսական աճը պահպանելու համար։
Հիշեցնենք, որ երեքշաբթի Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է խորհրդակցել դաշնակիցների և գործընկերների հետ՝ նախքան Ռուսաստանին G20-ից հեռացնելու հնարավորության մասին որևէ հայտարարություն անելը, սակայն կարծում է, որ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ իրավիճակը՝ «Ռուսաստանի համար միջազգային կառույցներում ամեն ինչ չի կարող սովորականի պես ընթանալ»: