ՌԴ ՊՆ-ն ստում է․ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
МЕЖДУНАРОДНОЕ«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավում է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 27-ի հայտարարության մեջ արտացոլված կետերը չեն համապատասխանում իրականությանը»,-այս մասին հայտարարություն է տարածել ադրբեջանական կողմը և հերքել Փառուխ գյուղը լքելու ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը: Այդ մասին ավելի ուշ գրել է նաև «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ այդ դիրքերից ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դուրսբերման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Մեր բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը. Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր հրադադարը խախտվել է Ադրբեջանի կողմից, նույնպես չի համապատասխանում իրականությանը, իսկ ադրբեջանցի զինծառայողների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան»,-նշվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանական կողմը նաև նշել է, որ ՌԴ ՊՆ մարտի 26-ին և 27-ի հայտարարություններում «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումը անհարգալից վերաբերմունք է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ճանաչված և ընդունված Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։
«ՌԴ ՊՆ այս հայտարարության մեջ անտեսվում է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի ստորագրած հռչակագիրը։ ՊՆ-ն կրկնում է, որ Ադրբեջանի Խոջալուի շրջանում Փառուխ գյուղ չկա։ Նշված գյուղի անունը Ֆարրուխ է։ Հուսով ենք, որ գյուղի անունը ճիշտ կնշվի հաջորդ հայտարարություններում»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ բանակցություններից հետո Ադրբեջանը դուրս է բերել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքից․ «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում, փոխհրաձգության հետևանքով յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի»։
Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։