«Արտաքին փոփոխությունս դերիս համար էր»․ Անելյա Գուբրյանը՝ ոճային փոփոխության և համարձակ կերպարների մասին
ЛАЙФՄոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանն այժմ նկարահանվում է Աշոտ Տեր-Մաթևոսյանի «Բռնիր ձեռքս» հեռուստասերիալում։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է այս նախագծի համար արված արտաքին փոփոխությունների և մոդելային կարիերայի մասին։
Իր աշխատանքների մեջ Անելյան էքսպերիմենտալ է, չի վախենում փոփոխություններից։ Սրան հակառակ իրական կյանքում ավելի պխահպանողական է, ունի ոճը, որին հավատարիմ է։
«Մոդելային կարիերայիս ընթացքում փորձում եմ հետաքրքիր արտաքին տեսքով ներկայանալ և տարբեր կերպ մատուցել ինձ։ Չեմ սիրում ստանդարտ և կարծրացած բաներ անել։ Միշտ փորձում եմ նորովի ներկայանալ թե՛ հագուստի, թե՛ սանրվածքի առումով»,- ասաց նա։
Անդրադառնալով իրեն հաճախ տրվող հարցին՝ արդյոք արել է արտաքին փոփոխություններ՝ Անելյան ասաց, որ ինքը պլաստիկ և էսթետիկ միջամտությունների չի դիմել։ «Որևէ փոփոխություն չեմ արել, իմ բնական տեսքով եմ, անգամ պարզ հոնքերի լամինացիա չեմ անում։ Մեկ անգամ միայն փորձարկեցի թարթիչների լամինացիա, ինձ դուր չեկավ։ Դա եղավ առաջինն ու վերջինը»։
Դերասանուհին վերջերս փոխել է մազերի երանգը, ինչը ևս պայմանավորված էր աշխատանքով։ «Նոր կերպար մարմնավորելուց առաջ պետք է արտաքին փոփոխություն իրականացնեի, սանրվածքիս չափը գրեթե նույնն է և գույնի հետ կապված փորձարկում արեցի և ներկեցի մազերս,- ասաց Անելյան և շեշտեց, որ միշտ բաց է արտաքին փոփոխությունների համար։ -Փոփոխություն անելն իմ նախաձեռնությունն էր, քանի որ արտաքին այլ տեսքով էի ուզում ներկայանալ հեռուստադիտողին»։
Նա հայտնեց, որ առաջիկայում նկարահանվելու է նաև այլ նախագծում։ Անելյան շեշտեց, որ բաց է նոր առաջարկների և նախագծերի համար, չնայած այս փուլում զբաղվածությունը մեծ է։
«Ցանկություն ունեմ ինձ փորձել նաև հումորային ձևաչափի նախագծերում, նման առաջարկներ եղել են։ Տվյալ շրջանում զբաղվածությունս չի ներել երկարաժամկետ այլ նախագծում ևս նկարահանվել, բայց, հուսով եմ, նման հնարավորություն դեռ կունենամ»,- ասաց մոդելը։
Նա նաև խոսեց համարձակ կերպարների և սոցիալական ցանցերում քննադատության մասին։ Անելյան կարևորում է հասարակության կարծիքը, բայց հասկանում է, որ բոլորին գոհացնել չի կարող։
«Ցանկացած նկարահանումից առաջ մտածում եմ, որ նախագիծը կամ լուսանկարները, որոնք տեղադրում եմ, պետք է դուր գան հանրությանը, քանի որ աշխատանքն արվում է հենց նրանց համար,- ասաց նա և հավելեց, որ սովորաբար մեկնաբանությունների և արձագանքների մեծ մասը դրական է լինում։ -Պետք է հասկանալ, որ անգամ ամենափակ հագուստով ներկայանալու դեպքում քեզ կարող են վատ մեկնաբանություններ գրել»։