Հունգարիայի վարչապետը ներառվել է Ուկրաինայի «սև ցուցակում»
МЕЖДУНАРОДНОЕՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ներառվել է Ուկրաինայի իշխանությունների հակառակորդների ցուցակում, որը կազմում է ուկրաինական «Միրոտվորեց» կայքը։ Նա կայքում ներառվել է «հակաուկրաինական քարոզիչ» մակնշմամբ, գրում է iz.ru-ն:
Օրբանն ընդգրկվել է ցուցակում Ուկրաինա զենք մատակարարելուց Հունգարիայի կառավարության մերժման և ուկրաինական բանակի համար երկրի տարածքով արտասահմանյան զենքի տարանցման արգելքի պատճառով։
Տվյալների բազան ստեղծողները Օրբանին անվանել են նաև «ռուսական հանցագործությունների մեղսակից»։
Ուկրաինական «Միրոտվորեց» կայքը ստեղծվել է 2014 թվականի օգոստոսին՝ Անտոն Գերաշչենկոյի նախաձեռնությամբ, որն այն ժամանակ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության արտահաստիքային խորհրդականն էր։
Կայքն իրեն ներկայացնում է որպես «Ուկրաինայի ազգային անվտանգության, խաղաղության, քաղաքացիների անվտանգության հիմքերի դեմ ուղղված հանցագործությունների հետազոտությունների կենտրոնի ինտերնետային ներկայացուցչություն»: Կայքը պարունակում է պատերազմի գոտում գտնվող քաղաքացիների անձնական տվյալների բաց տվյալների բազա։