«Վերջին երկու տարում մենք շատ փորձություններով ենք անցել. ուրախ եմ, որ իմ ժողովրդին կարողացա ժպիտ պարգեւել». Ռոզա Լինը՝ «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչը հաղթահարելու մասին
ЛАЙФՀայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը ելույթ է ունենալու «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչի առաջին կեսում: Այս մասին պարզ է դարձել մրցույթի առաջին կիսաեզրափակչի ավարտից հետո` եզրափակիչ անցած տասը երկրների ներկայացուցիչների մամուլի ասուլիսի ժամանակ իրականացված վիճակահանության արդյունքում:
Ռոզան, որն իր Snap երգով հաղթահարել է կիսաեզրափակիչ փուլը, պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: Հայաստանի ներկայացուցչից հետաքրքրվել են` ի՞նչ է զգում գիտակցելով, որ իր շնորհիվ Հայաստանը, վերջապես, կրկին ստացավ եզրափակչի ուղեգիր (վերջին տարիներին հայ մասնակիցներին չէր հաջողվում հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը).
«Ես չափազանց հայրենասեր մարդ եմ, եւ հպարտ եմ, որ իմ` եզրափակիչ անցնելով ուրախացրել եմ իմ հայրենակիցներին: Վերջին երկու տարում մենք շատ փորձությունների միջով ենք անցել, եւ ես ավելի, քան ուրախ եմ, որ կարողացա իմ ժողովրդի դեմքին ժպիտ առաջացնել»,-նշել է երգչուհին` հավելելով, որ իր հաջողությունն առավել, քան կարեւոր նշանակություն ունի իր ընտանիքի համար,-«Նախորդ տարիների ընթացքում հարազատ մարդկանց կորուստ էլ եմ ունեցել, եւ իմ ընտանիքը եւս սարսափելի ժամանակներ է ապրում... Ինձ համար շատ կարեւոր է, որ այսօր կարողացա ընտանիքիս էլ ժպիտ պարգեւել»:
Առավել ուշադիր լրագրողները նկատել էին, որ երգչուհու ելույթի ժամանակ տեխնիկական փոքրիկ խնդիր է եղել, եւ Ռոզան երկրորդ փորձից է կարողացել պոկել թղթե օղակը, ինչը, սակայն, չի խանգարել նրա` փայլուն ելույթին: Երգչուհուն հարցրել են` չի՞ հուզվել, արդյոք, այդ պահին.
«Իհարկե, շատ անսպասելի պահ էր, քանի որ փորձերին ամեն բան նորմալ էր, բայց կարծում եմ` բեմի մարդը պետք է պատրաստ լինի ամեն ինչի: Հուսով եմ` ինձ մոտ ստացվեց հնարավորինս պրոֆեսիոնալ դուրս գալ իրավիճակից»,-ժպիտով պատասխանել է նա:
Ինչ վերաբերում է «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչին, այն տեղի է ունենալու մայիսի 14-ին, իսկ մինչ այդ` մայիսի 12-ին, անցկացվելու է մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի արդյունքում էլ կվորոշվի եզրափակչի մյուս տասնյակը: