Երբ սկսում էի երաժշտական կարիերաս շատ մեծ նպատակներ ունեի այս ոլորտում, որոնք հիմա իրականանում են. Գևորգ Մկրտչյանը՝ առաջին մենահամերգի մասին
ЛАЙФԵրաժիշտ և դերասան Գևորգ Մկրտչյանն, ով այժմ նկարահանվում է «Երդում» հեռուստասերիալում, պատրաստվում է առաջին մենահամերգին, որը կայանալու է հունիսի 1-ին: Tert.am Life-ի հետ զրույցում Գևորգը պատմեց մենահամերգի և հետագա ծրագրերի մասին:
«Համերգային առաջարկներ շատ եմ ունեցել, բայց չեմ ունեցել հստակ կազմված համերգային ծրագիր, բայց այս անգամ ես ընդունել եմ առաջարկը։ Հիմա մեզ մոտ բուռն աշխատանքային ընթացք է, փորձեր են գրեթե ամեն օր ու փորձում եմ ամեն բան անել, որ հունիսի 1-ին մենք լինենք լիարժեք պատրաստ»,- ասաց երգիչը:
Նա նաև տեղեկացրեց, որ առաջին մենահամերգը նոր էջ է նրա երաժշտական կարիերայում:
«Սա պատասխանատու քայլ է և այս մի մենահամերգով չեմ սահմանափակվելու։ Լինելու է շարունակական ընթացք, տեղեկացնեմ նաև, որ համերգային ծրագիր է լինելու նաև մարզերում: Նման ձևաչափով ներկայանալու եմ առաջին անգամ, բեմում ինձ հետ է լինելու նաև Լայվ բենդը»,- նշեց Գևորգ Մկրտչյանը:
Նրա խոսքով մոտ ապագայում համերգ կլինի նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Նախքան համավարակը ունեի առաջարկ մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում մենահամերգը անցկացնելու, բայց համավարակի և պատերազմի պատճառով ամեն բան հետաձգվեց և հիմա փորձում եմ վերսկսել համերգային կարիերաս»,- ասաց երգիչը:
Գևորգի առաջին փորձը երաժշտության ոլորտում եղել է քավըր տարբերակով, իսկ 6 ամիս անց նա ունեցել է իր հեղինակային երգն ու տեսահոլովակը:
«Առաջին ձայնագրածս եղել է քրոջս համար քավր տարբերակով երգ , իսկ 6 ամիս անց ունեցա իմ հեղինակային երգն ու տեսահոլովակը: Երբ նոր էի սկսում երաժշտական կարիերաս, իհարկե, ունեի լուրջ ծրագրեր,նպատակներ և պատկերացումներ իմ հաջողությունների մասին: Շատ մեծ ցանկություն կար մենահամերգ ունենալու և եկավ այդ օրը»,- նշեց Գևորգ Մկրտչյանը:
Հետագա ծրագրերի մասին խոսելիս երգիչը նշեց, որ ամռանն իր լսարանին կհանձնի նոր երգ:
«Ամռանը շատ հետաքրքիր երգ և տեսահոլովակ ենք նկարելու և իմ լսարանը վստահաբար չի սպասում, որ նման ձևաչափով կներկայանամ, ասեմ, որ դուետի է լինելու»,- նշեց Գևորգ Մկրտչյանը: