ՆԱՏՕ-ն երկրում բազաներ կամ միջուկային զենք չի տեղակայի. Ֆինլանդիայի վարչապետ
МЕЖДУНАРОДНОЕՖինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո երկրում բազաների կամ միջուկային զենքի տեղակայման հարց օրակարգում չկա։
«Այս թեման չի քննարկվում, և ամեն ինչ կախված է մեր ազգային որոշումներից, ոչ ոք մեզ բազաներ կամ միջուկային զենք չի պարտադրի, եթե մենք դա չուզենք։ Եվ ես չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված է Ֆինլանդիայում միջուկային զենք տեղակայելով կամ բազաներ բացելով»,- ասել է վարչապետը Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ նա հույս ունի, որ իր երկիրը կպահպանի միջազգային գործընթացներում միջնորդի կարգավիճակը, որով առանձնացել է չեզոքություն պահպանելով։
«ՆԱՏՕ-ին անդամակցելը խաղաղության ակտ է, ոչ թե պատերազմի հայտարարում»,- ասել է Մարին։
Վարչապետը վստահություն է հայտնել, որ պետք է երկխոսություն վարել Թուրքիայի հետ, որը դեռ չի աջակցել ՆԱՏՕ-ի կազմ նոր անդամների ընդունմանը։
Երեկ ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանները դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին պաշտոնապես ներկայացրել են իրենց երկրների ՆԱՏՕ-ին միանալու հայտերը։ Ստոլտենբերգը դա «պատմական քայլ» է որակել:
Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն օրերս հայտարարել էր, որ Ռուսաստանը պարզապես չի հաշտվի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ՝ Արևմուտքին կոչ անելով այս առիթով պատրանքներ չփայփայել։