Աշխարհի հզորները ճնշում գործադրելու փոխարեն սիրախաղ են անում Ռուսաստանի հետ. Զելենսկի
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող էր դադարեցվել, եթե «այս աշխարհի հզորները սիրախաղ չանեին Ռուսաստանի հետ», գրում է pravda.com.ua-ն։
«Իրադարձությունների աղետալի զարգացումը դեռ կարող է կասեցվել, եթե աշխարհն Ուկրաինայի իրավիճակին վերաբերվի որպես իր իրավիճակի։ Եթե տերությունները ոչ թե սիրախաղ անեին Ռուսաստանի հետ, այլ իսկապես ճնշում գործադրեին պատերազմն ավարտելու համար»,- ասել է նա։
Զելենսկին հիշեցրել է, որ Եվրամիությունը «արդեն մի քանի շաբաթ է» չի կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթի շուրջ։
«Քանի շաբաթ է աշխարհը չի համարձակվում արգելափակել ռուսական բանկային համակարգը»,- նշել է նախագահը։ Նա նաև հավելել է, որ Ուկրաինան երկար ժամանակ պայքարում է, որպեսզի իրեն «տրամադրեն բոլոր այն զենքերը, որոնք անհրաժեշտ են մարտերի բնույթը փոխելու և ավելի արագ և վստահորեն շարժվելու, օկուպանտներին վտարելու համար»։